Ո՞վ կփոխարինի Արտակ Շաբոյանին. Փաշինյանը նոր թեկնածություն է առաջադրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:


Գեղամ Գևորգյանը 2019 թ-ի հունվարի 22-ին Փաշինյանի հրամանով նշանակվել էր գյուղնախարարի առաջին տեղակալ ու նախարարի պաշտոնակատար: ՏՄՊՊՀ նախագահի ընտրության հարցը ԱԺ մեծ օրակարգում ներառվել էր, բայց քննարկման օրը դեռ որոշված չէր:


Քիչ առաջ ԱԺ խորհուրդը՝ Արարատ Միրզոյանի նախագահությամբ, արտահերթ նիստ գումարեց ու որոշեց լրացումներ կատարել ապրիլի 16-ի հերթական նիստերի օրակարգում և դրանում ընդգրկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը:


Հիշեցնենք, ՀՀ նոր Սահմանադրությամբ ՏՄՊՊ և ՀԾԿ հանձնաժողովների նախագահներին պետք է վարչապետի առաջարկով ընտրի խորհրդարանը:


ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը ևս ներառված է ԱԺ լիագումար նիստի օրակարգում, բայց կքննարկվի ոչ ապրիլի 16-ին:


Շաբոյանը ՏՄՊՊՀ նախագահն է 2010 թվականից։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45429