Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի ստրասբուրգյան ելույթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , ով խոսել է ուժ չկիրառելու և ուժով չսպառնալու մասին, պետք է ծանոթանա ԵԱՀԿ-ի 1975-ի Հելսինկյան եզրափակիչ ակտին, մասնավորապես՝ «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:


Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ հիշեցնում է «օկուպացված տարածքների» մասին և խորհուրդ տալիս Փաշինյանին տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահվման համար դուրս բերել զորքերը «Ադրբեջանի տարածքներից»:


ԵԽԽՎ-ում պատվիրակների հարցերից մեկին պատասխանելիս Փաշինյանը խոսել էր «տարածքների օկուպացիայի» Բաքվի հայտի թեզի մասին:


Նա նշեց, որ շատ հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը, բայց այդ մարդիկ, որոնք այսօր ապրում են Ղարաբաղում, նրանք ծնվել են այնտեղ, ապրել են այնտեղ, նրանց պապերն են ապրել այնտեղ, նրանց պապերի պապերը, նրանց պապերի պապերի պապերն են ապրել Ղարաբաղում․


«Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել, որտեղ ծնվել, ապրել եւ հուղարկավորված են իր նախնիները։ Դրա համար ես ասացի, որ ամեն իրավիճակ, ամեն կոնֆլիկտ պետք է նայել իր էության մեջ։ Հասկանալի է, որ կան բազում նրբություններ։ Եւ մեր առաջարկն է՝ նստել սեղանի շուրջ, նստել կոնֆլիկտի բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները, եւ համաձայնել, որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, այնպես, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետությունների, ժողովուրդների։ Մենք այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45213