Դեմոկրատական իմիջը ՀՀ-ին չի ապահովագրելու Ադրբեջանի ագրեսիայից

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար, ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: Չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարեւոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի», - ասաց Ն.Փաշինյանը:

ՀՀ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, եվրոպական բարձր ամբիոնից խաղաղության կոչ և մեսիջ է ուղարկում Ադրբեջանին: Փաշինյանն իրեն և իր կառավարությունը ներկայացնում է, որպես ժողովրդավարական՝ այդ կերպ նաև իմիջային առումով հակադրվելով ավտորիտար Ադրբեջանին ու Իլհամ Ալիևին: Փաշինյանը կոչ է անում Բաքվին ադրբեջանական ժողովրդին պատրաստել խաղաղության: Սակայն թե’ Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, թե’ հասարակության մեծամասնությունը դեմ է ՀՀ-ի հետ երկխոսությանը և Արցախի հարցը խաղաղ ճանապարհով լուծելուն:

Ադրբեջանը տարիներ շարունակ հայատյացություն է սերմանել հասարակության շրջանում, հայից ձևավորել արտաքին թշնամու կերպար: Այդպիսի ծրագրեր են ներդրված թե’ դպրոցներում, թե’ ԶԼՄ-ների ամենօրյա եթերներում հայից թշնամու կերպար է ձևավորվում, այնպես որ հստակ է, որ Բաքուն խաղաղության չի պատրաստվում, այլ պատերազմի ու անգամ Արցախում հայերի բնաջնջման:

Փաշինյանի մարտավարությունը` ԵՄ-ի, Արևմուտքի աչքին ժողովրդավար երևալու ու այդ կերպ քաղաքական դիվիդենտներ պոկելու հարցում արդյունավետ չի լինելու՝ Ադրբեջանն Արևմուտքի համար ավելի կարևոր ռազմավարական գործընկեր է անկախ այդ երկրում առկա բազմաթիվ մարդու իրավունքների խախտումներից, ավտորիտար կառավարման մոդելից ու կոռուպցիայից: Արևմուտքի համար կարևոր է ադրբեջանական նավթն ու գազը, որոնք Հարավային գազային միջանցքի միջոցով՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ ուղղությամբ պետք է նվազեցնեն ԵՄ-ի էներգետիկ կախվածությունը ռուսական գազից, ինչպես նաև Ադրբեջանն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար պլացդարմ է դեպի Կասպից ծով ու էներգակիրներով հարուստ Կենտրոնական Ասիա:

Հայաստանն Արևմուտքում ընկալվում է որպես ռուսական ազդեցության գոտում գտնվող, թույլ տնտեսությամբ երկիր, որը ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ է: Այսինքն, ՀՀ-ի իմիջն Արևմուտքում անգամ թավշյա հեղափոխությունից հետո միանշանակ է՝ ՀՀ-ն չի կարող հեշտությամբ դուրս գալ ռուսական գեոպոլիտիկ ազդեցության գոտուց՝ ռազմական, էներգետիկ, տնտեսական, հումանիտար բազմաթիվ թելերով կապված լինելու պատճառով:

ՀՀ-ն պետք է Արևմուտքի առջև ներկայանա որպես ուժեղ տնտեսությամբ, հզոր բանակով երկիր, որն Ադրբեջանի կողմից պատերազմի դեպքում կարող է վերջ դնել ադրբեջանական նավթագազային ողջ լոգիստիկային՝ Եվրոպային թողնելով առանց կասպյան նավթի ու գազի: Հենց այդպիսի ռեալ պոլիտիկի վրա հիմնված քաղաքականությունը կստիպի Արևմուտքին ճնշել Բաքվին ու Ալիևին հեռու պահել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու փորձերից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45210