Ադրբեջան-Պակիստան. Ռազմա-քաղաքական տանդեմ

Ադրբեջանական SOCAR ընկերությունը պայմանագիր է ստորագրել Պակիստան 100 միլիոն դոլարի նավթի առաքման մասին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Հան Մոհմանդը:


Ըստ նրա, դա Բաքվի ու Իսլամաբադի էներգետիկ համագործակցության միայն սկիզբն է՝ ապագայում սպասվում են Ադրբեջանի ներդրումները Պակիստանի էներգետիկ ոլորտում:


Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե՛ տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար, նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, թե՛ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնի Թուրքիայի և Պակիստանի հետ:


Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ` սուննի մեկ այլ պետության, միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։


Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա: Անգամ փոքր խմբաքանակի ապրանքերի վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման առումով։


Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով: Շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան–Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան–Պակիստան երկաթգծին։ Բացի այդ, Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով `Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։


Ինչ վերաբերվում է ՀՀ–ին, ապա Երևանը կարող է սերտացնել ռազմա-տեխնիկական, տնտեսական կապերը Հնդկաստանի հետ ու ներգրավել հնդկական ներդրումներ:


Հնդկաստան-Պակիստան աշխարհաքաղաքական մրցակցության ենթատեքստում Իսլամաբադը Կովկասում սկսում է հենվել Ադրբեջանի վրա, տրամաբանական է, որ Նյու-Դելին կարող է հենվել ու խորացնել կապերը Հայաստանի հետ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/45094