Մանախ, ատրճանակ, ընտրություններ. Փաշինյանը ցուցմունք տվեց դատարանում (մանրամասներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց 2017 թվականին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ) միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով:


Մանախին առաջին անգամ է տեսնում


Նա սույն գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: Մինչ ցուցմունք տալը դատավորի հարցին ի պատասխան Փաշինայնն ասաց, որ գործով դատավարության մասնակիցներից ճանաչում է տուժող Հայկ Սարգսյանին, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ շտաբի պետն է եղել, եւ նրա հետ ընկերական հարաբերություններ է ունեցել եւ մինչեւ միջադեպը եւ միջադեպից հետո, իսկ ամբաստանյալ Արթուր Այվազյանին առաջին անգամ է հանդիպում. «Բայց երբ ես Ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, նրանից նամակներ եմ ստացել, այդքանով գիտեմ»,- ասաց վարչապետը, գրում է ՀԺ-ն:


Փաշինյանը պատմեց, որ դեպքի օրը՝ 2017 թվականի մարտի 31-ին, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը ինքը տանն է եղել, երբ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում իրեն է զանգահարել Ալեն Սիմոնյանը եւ ասել, որ Հայկ Սարգսյանի վրա հարձակում է տեղի ունեցել: «Ես փորձեցի զանգահարել Հայկ Սարգսյանին, նրա հեռախոսը չպատասխանեց, հետո, եթե չեմ սխալվում, Ալենի միջոցով ասացի՝ թող ինձ զանգեն, ով կա դեպքի վայրում: Ինձ զանգեցին եւ ասացին, որ՝ այո, միջադեպ է եղել եւ ես նրանց ասացի՝ արագ այդ տարածքից հեռացեք եւ եկեք նախընտրական շտաբ: Ինչո՞ւ այդպիսի առաջադրանք դրեցի, որովհետեւ մտածում էի՝ շատ ավելի մեծ մասշտաբի բան է եւ ցանկացա, որպեսզի մեր ժողովուրդը այդտեղից դուրս գա:


Գնացի նախընտրական շտաբ, ես շարժական շտաբ ունեի նախընտրական, երբ մոտեցա, տեսա, որ իմ նկարի վրա ներկ է փչած, պատմեցին, որ երբ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա եւ հետաքրքրվել են, թե այն որտեղ է, նկատել են ներկված նկարը: Հարցրել են՝ ո՞ւր է դրոշը, ո՞վ է տարել, մի քանի քաղաքացի է եղել այդտեղ կանգնած, նրանցից մեկն ասել է՝ ես եմ տարել եւ ըստ իրենց պատմածի՝ իրենք ասել են՝ ի՞նչ իրավունք ունեք այս դրոշը օգտագործել՝ խոսքը ՀՀ պետական դրոշի մասին է: Այդ ֆոնի վրա խոսակցություն է տեղի ունեցել, մեր տղաները ետ են պահաջել դրոշը, խոսակցության ընթացքում դրոշը տանող քաղաքացիներից մեկը հարվածել է Հայկ Սարգսյանին, բնականաբար, մեր ժողովուրդը միջամտել են, փորձել են թույլ չտալ, որ հետագա հարվածներ տեղի ունենան եւ այդ պրոցեսի ընթացքում այդ անձը հանել է զենքը, պահել Հայկի վրա, ներկաներից մեկը արագ արձագանքել է, խփել է նրա ձեռքին, զենքն ընկնել է: Զենքն իրենք վերցրել են եւ հետագայում այդ միջադեպի վայրից հեռացել են»,- պատմեց Փաշինյանը:


Նա զենքը վերցրել է առանց դիպչելու


Վարչապետն ասաց, որ հետագայում, երբ ինքը իմացել է, որ զենքը նաեւ իրենց մոտ է, իրեն ցույց են տվել, նա զենքը վերցրել է առանց դիպչելու, անմիջապես ուղիղ եթեր մտել եւ պատմել տեղի ունեցածի մասին: «Նաեւ անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն, պատմել ենք, թե ինչ է տեղի ունեցել, եւ ասել, որ «ԵԼՔ» շտաբի մոտ սպասում ենք, որ գան արձանագրեն: Ֆեյսբուքյան իմ էջով ուղիղ եթեր եմ մտել, ցուցադրել եմ զենքը, թե ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ: Հայկ Սարգսյանը հրաժարվեց, որ իրեն ուղիղ եթերում ցույց տանք, որովհետեւ իր վրա ակնհայտ վնասվածքներ կային, նաեւ զենքի մեջ մարտական փամփուշտներ կային: Հետագայում ես չեմ հիշում՝ ինչպես եմ զենքը հանձնել ոստիկանությանը: Եթե չեմ սխալվում, ոստիկանությունը կարծես այդպես էլ չեկավ Տերյան հասցե, ես ինքս եմ գնացել ոստիկանության բաժին ու հանձնել զենքը»,- շարունակեց իր ցուցմունքը:


Մեղադրող դատախազի հարցին ի պատասխան վարչապետն ասաց, որ հարձակումը, իր հիշելով՝ Հարավարեւմտյան թաղամասում էր, Զորավար Անդրանիկի արձանից աջ ընկած թաղամասում, շենքերի բակում: Հարցին, թե ո՞րն է եղել միջադեպի պատճառը, Փաշինյանն արձագանքեց, որ իրեն պատմել են, որ եղել է մի դրվագ, որ ասել են՝ ինչ իրավունք ունեք այդ դրոշն օգտագործել: Ասել են, որ անձը, որ այդ թեմայով ակտիվ խոսել է, ասել է, որ այդ դրոշը տարել, դրել է իր ընկերոջ գերեզմանի վրա: «Ինձ ասացին, որ այդ ակտիվ անձի մասին խոսելիս օգտագործվել է «Մանախ» անունը կամ մականունը: Քանի որ դեպքը 2 տարի առաջ է տեղի ունեցել... ես շատ մանրամասն նախաքննական ցուցմունք եմ տվել հենց դեպքի նույն օրը կամ հաջորդ օրը, երբ հիշողությունները թարմ էին»,- ասաց նա:


Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին, թե ինչպե՞ս է տեսել, որ մարտական փամփուշտներ են եղել զենքի մեջ, Փաշինյանը պատասխանեց, որ թմբուկավոր ատրճանակ է եղել. «Ես ուղիղ եթերում ցույց եմ տվել եւ եթե փողի կողմից նայում ենք, թմբուկի անցքերի մեջ երեւում է, որ գնդակավոր փամփուշտ է: Ոչ մարտական փամփուշտը այլ կերպ է լինում»: Ալումյանի դիտարկմանը՝ նախաքննությունն իրականացրել է քննիչ Սուրեն Նավոյանը, հարցին՝ դուք Նավոյանի հետ որեւէ այլ հարաբերություններ ունեցե՞լ եք, վարչապետը պատասխանեց. «Քննիչ Նավոյանի հետ այդ գործի հանգամանքի շրջանակներում այլ հարաբերություն չեմ ունեցել, միայն հիշում եմ, որ 2018-ի իրադարձությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, քննիչ Նավոյանը իրավապահ համակարգի այն աշխատակիցներից էր, որոնք աջակցություն էին հայտնել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին, ոչ բռնի թավշյա հեղափոխությանը: Մինչեւ նախաքննությունը շփում չեմ ունեցել, նախաքննությունից հետո շփում, հնարավոր է զանգ եղած լինի, եւ հաջորդ շփումը եղել է Հանրապետության հրապարակում, երբ ինքը եկել է, մոտեցել եւ ասել, որ դիմում է գրել»,- ասաց Փաշինյանը: Մեղադրող դատախազը առարակեց Ալումյանի «ինչի մասին» հարցի դեմ՝ նշելով, որ այն մեղադրանքի հետ առնչություն չունի: Ալումյանը պարզաբանեց, որ քննիչի վերաբերմունքը վկայի նկատմամբ, քննիչի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանք կարող է առաջանալ:


Ես դատարանից թաքցնելու որեւէ բան չունեմ


«Քննիչը ոչ թե աջակցություն է հայտնել պարոն Փաշինյանին, այլ նաեւ պարոն Փաշինյանի կողմից ղեկավարված քաղաքական ուժին...: Մեղադրյալ Արթուր Այվազյանը հանկարծ տեսնում է, որ այն քննիչը, որ իր գործը քննել է հանարահավաքի ժամանակ, իր աջակցությունն է հայտնում պարոն Փաշինյանի քաղաքական ուժին»,- շարունակեց Ալումյանը: Վարչապետը արձանագրեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում բոլոր հարցերին մանրամասն պատասխանել. «Ես դատարանից թաքցնելու որեւէ բան չունեմ»,- ասաց նա եւ շարունակեց. «Հանրապետության հրապարակում եղել են տասնյակ քննիչներ, ոստիկաններ, նույնիսկ չեմ բացառում, որ եղել են նաեւ դատավորներ, պաշտպաններ, մեղադրյալներ, դատախազներ եւ այլն: Հիմա դա ներկայացնել որպես իմ անձի կամ մեր քաղաքական ուժի հետ ընկալվող իրադարձություն, ճիշտ ընկալում չէ: Ես չեմ հիշում՝ Նավոյանն ինչ ասաց, կարծես ասաց՝ դիմում եմ գրել, թե աշխատանքից դուրս եմ եկել եւ այլն»: Հարցին, թե ում նախաձեռնությամբ եք հեռախոսային խոսակցություն ունեցել քննիչի հետ եւ ինչի մասին, Փաշինյանը պատասխանեց, որ եթե չի սխալվում՝ հեռախոսային խոսակցությունը եղել է նախաքննության ավարտին:


«Եթե չեմ սխալվում, խոսքը եղել է այն մասին, որ ես հետաքրքրվել եմ, թե ճիշտ է արդյոք, որ գործի նախաքննությունն ավարտվել է: Կարող եմ վստահ լինել, որ խոսակցությունը կապված էր գործի ընթացակարգային ինչ-որ խնդրի հետ: Ենթադրում եմ, որ խոսելու նախաձեռնությունն իմն էր»,- ասաց վարչապետը: Պաշտպան Հայկ Ալումյանի հարցին՝ տեղյակ եք, որ Արթուր Այվազյանի շորերը քննիչի կողմից առգրավվել են, որեւէ բան չի արձանագրվել, որ գրպաններում կա, բայց երբ դրանք հայտնվել են փորձագետի մոտ, պարզվել է, որ բազմաթիվ փամփուշներ են առկա շորերի մեջ: «Ես պիտի տեղյա՞կ լինեի նման բանից: Վստահ չեմ, որ տեղյակ եմ այդ մանրամասներից»:


Ամբաստանյալ Արթուր Այվազյանն էլ ասաց, թե հարցեր պատրաստել էր, բայց քանի որ որոշ մարդկանց կողմից փորձ է արվել իրեն ներքաշել քաղաքական խաղերի մեջ, իսկ ինքը թույլ չի տա, որ իրեն վերաբերող հարցերը որեւէ մեկն օգտագործի: Դրա համար ձեռնպահ մնաց հարցեր տալուց:


Այսքանով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունն ավարտվեց:


Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում, անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:


Ինչո՞ւ էր վարչապետը որոշել գալ դատարան


Հարցաքննության ավարտից հետո վարչապետ Փաշինյանն ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչու է որոշել ներկայանալ դատարան, նշել է. «Դա ե՞ս եմ որոշում: Ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա»:


Անդրադառնալով Մարտի 1-ի գործի շրջանակում իր հարցաքննվելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այո, այդ թվում՝ այս դատարանում»:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44797