Մենք տեսնում ենք Բաքվի նախապատրաստությունները պատերազմին. Արցախն արձագանքեց Ալիևին

Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն։ Պատերազմը շատ հավանական է։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը։


Արցախի ռազմական թևը կամ ուժայիններն ուղիղ տեքստով, առանց որևէ կոնյուկտուրային պահանջների՝ կապված ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ, բարձրաձայնում են մոտակա պատերազմի մասին:


Մնացականյանն, ով միայն վերջերս է հեռացել ՊԲ-ի հրամանատարի պաշտոնից և տիրապետում է ավելի լայն ինֆորմացիայի, կապված Ադրբեջանի գործողությունների հետ թե՛ առաջնագծում, թե՛ ձեռք բերվող սպառազինությունների մասով, պատասխանում է Իլհամ Ալիևին, ով նշել է, որ պատերազմը չի ավարտվել, այլ ավարտվել է դրա միայն առաջին փուլը:


Ղարաբաղյան բանակցային գործընթացը, չնայած Ալիև-Փաշինյան հանդիպման փաստի, գտնվում է խորը ճգնաժամում՝  Բաքուն և հայկական կողմերն ունեն իրար բացառող դիրքորոշումները ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ:

Արցախը չի պատրաստվում կյանքի կոչել մադրիդյան սկզբունքները, իսկ Ադրբեջանը ցանկանում է ամբողջ Արցախը, և ակնհայտ է, որ Բաքվի համար անգամ մադրիդյան ոչ հայանպաստ փաստաթուղթը ձեռնտու չէ: Ալիևը դրել է մաքսիմալիստական պահանջ՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ՝ պատերազմ:


Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զինվել, ամրապնդել առաջնագիծը՝ Նախիջևան, ղարաբաղյան սահման, հայ-ադրբեջանական սահման ու կարծես թե պատրաստվում է լայնածավալ պատերազմի, որտեղ նախիջևանյան և հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը կլինեն երկրորդական, շեղող ճակատներ, իսկ առաջնային ու հիմնական հարվածը հասցվելու է Արցախին:


Բաքուն կփորձի արագ ճեղքել Ասկերանի պաշտպանական շրջանը Աղդամի և այլ հարթավայրային ուղղություններով և հասնել մայրաքաղաք Ստեփանակերտ, այդպիսով Մինսկի խմբին կանգնեցնելով փաստի առաջ և լուծելով ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով:


Ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանը գրավեց որոշակի դիրքեր Թալիշի ուղղությամբ՝ սպառնալով Մարտակերտի շրջանին, Սարսանգի ջրամբարին (Արցախի ջրային հիմնական ռեսուրսին), ինչպես նաև Մարտակերտ-Քարվաճառ ռազմավարական նշանակության, ՀՀ-ն Արցախին կապող կյանքի ճանապարհին: Ապրիլյան քառօրյան միայն նախանշեց այդ ուղղությունը, որով ապագայում Բաքուն փորձելու է զարգացնել հաջողությունը:


Ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանը գրավեց նաև Լելե-Թեփե բարձունքը, որը նույնպես ունի մարտավարական նշանակություն, քանի որ սպառնում է մերձարաքսյան շրջանում գտնվող զորամասերը սնուցող ճանապարհներին:


Արցախի ռազմական ղեկավարության, ուժայինների մոտ, այդ թվում՝ Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի և մյուսների մոտ կա այն հստակ գիտակցումը, որ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի և հասարակությանը պետք է պատրաստել ոչ թե խաղաղության, այլ ակտիվ մարտական գործողությունների՝ չբթացնելով Արցախի ու ՀՀ հասարակությունների զգոնությունն ու շարունակել ամրապնդել բանակներն ու առաջնագծերը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44764