Պուտինը կարեւորել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացումը։ Այս մասին նա հայտարարել է ադրբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Իլհամ Ալիեւը տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ իր հանդիպման գնահատականների մասին, որը տեղի էր ունեցել Վիեննայում մարտի 29-ին։ 


Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացման կարեւորությունը։ Հայտնվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ այսուհետ եւս աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհների որոնման հարցում, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։


Երկկողմ օրակարգի հարցերը քննարկելիս հաստատվել է երկկողմանի տրամադրվածությունը՝ ընդլայնելու փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ասվում է հաղորդագրությունում։


Օրեր առաջ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ վարչապետը տեղեկատվություն էր ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին:


Վիեննայում մարտի 29-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: Դրական էր գնահատել հանդիպումը նաեւ Նիկոլ Փաշինյանը:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մեկնաբանելով հանդիպումը նշել է, որ սա երկար ընդմիջումից հետո ՀՀ իշխանությունների հետ առաջին պաշտոնական հանդիպումն էր, որն անցել է կառուցողական մթնոլորտում: Նա նշել է նաև, որ բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել, թեեւ երկխոսության ձևաչափը չի փոխվել:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44723