ԱՄՆ-ն Թուրքմենստան-Ադրբեջան լոգիստիկ տանդեմն օգտագործելու է ՌԴ-ն և Իրանը շրջանցելու համար

2020թ.-ին Ադրբեջանը հույս ունի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանել 4 միլիոն տոննա թուրքմենական նավթ: Այդ մասին հայտարարել է ադրբեջանական SOCAR-ի ներկայացուցիչ Էլշադ Նասիրովը:


SOCAR-ն արտահանում է թուրքմենական նավթը Կասպից ծովով՝ տանկերների միջոցով, ինչից հետո Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով:


Թուրքմենստանը ցանկանում է Կասպից ծովի տարածաշրջանում վերածվել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա՝ TRACEKA միջազգային տրանսպորտային-կոմունիկացիոն միջանցքի կարևորագույն օղակի և Մերձկասպյան տարածաշրջանի յուրօրինակ դարպասների՝ Նոր մետաքսե ճանապարհի վրա:


Դեպի Արևմուտք իր էներգակիրներն ու այլ ապրանքներն արտահանելու համար Թուրքմենստանն օգտագործելու է Ադրբեջանի լոգիստիկ հզորություններն, այդ թվում՝ Ալյաթի և Բաքու նավահանգիստները, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ու դեպի Վրաստան ադրբեջանական մայրուղիները:


Չմոռանանք, որ Ադրբեջանը, Աֆղանստանը, Վրաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը կնքել են տարանցիկ տրանսպորտային Lapis lazuli միջանցք ստեղծելու համաձայնագիրը: Դա նշանակում է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքը կապվելու է նաև Թուրքմենստան-Աֆղանստան միջանցքի հետ՝ Արևելք-Արևմուտք գեոպոլիտիկ առանցքի շրջանակներում:


Կասպից ծովում թյուրքական՝ Ադրբեջան-Թուրքմենստան միջանցքը կամ լոգիստիկ տանդեմը բխում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերից, որոնք ցանկանում են ստեղծել ՌԴ-ն շրջանցող, ԵՄ-ի համար այլընտրանքային էներգետիկ-տրանսպորտային միջանցք, որը թույլ կտա Եվրոպային նվազեցնել իր էներգետիկ կախվածությունը ռուսական գազից:


Ադրբեջան-Թուրքմենստան միջանցքը թույլ կտա Արևմուտքին արտահանել կասպյան էներգակիրները՝ շրջանցելով թե՛ ՌԴ-ն, որի հետ Արևմուտքն այժմ ունի լարված հարաբերություններ, թե՛ Իրանին, որի  տնտեսական և քաղաքական մեկուսացումն Թրամփի վարչակազմի ու Իսրայելի առաջնահերթություններից է:


Փաստորեն, Ադրբեջանն արևմտյան ուժային կենտրոնների համար՝ ԵՄ, ԱՄՆ դառնում է կարևոր պլացդարմ դեպի Կենտրոնական Ասիա, հատկապես դեպի էներգակիրներով հարուստ Թուրքմենստան: Բացի այդ, Աֆղանստանի մեկուսացումը հաղթահարելու համար Արևմուտքը կարող է ակտիվացնել Աֆղանստան-Թուրքմենստան-Կովկաս-ԵՄ ուղղությունը:


Ադրբեջանը տարիներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ներդրել իր լոգիստիկայի մեջ, ստեղծելով Արևելք-Արևմուտք ուղղության վրա երկաթգծեր, նավթագազային ենթակառուցվածքներ, ինչպես նաև արդիականացրել է իր օդանավակայաններն ու Բաքվի նավահանգստի հզորությունները:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44232