Մինսկի խմբի հստակ մեսիջը Փաշինյանին՝ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները բացառվում են

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները, ողջունելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև միջև առաջիկայում սպասվող առաջին ուղիղ շփումների պատրաստակամությունը, ընդգծում են արդյունավետ քննարկումներ իրականացնելու միջավայրի պահպանման անհրաժեշտությունը:


ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է. «Միջնորդները դրական են գնահատում վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը, նաև որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն»:


Միևնույն ժամանակ Մինսկի խումբը վերահաստատում է լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը:


Այս համատեքստում համանախագահները կողմերին հորդորում են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները:


Փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խումբը հստակ ու կոշտ ձևով զգուշացնում է Երևանին, որ չի լինելու ղարաբաղյան բանակցային ֆորմատի փոփոխություն՝ Արցախը չի վերադառնալու բանակցային սեղան և Երևան-Բաքու ուղիղ բանակցություններին այլընտրանք չկա: Ադրբեջանական կողմի համար սա իսկական նվեր է, քանի որ նրանք առանց այդ էլ չէին համաձայնելու բանակցությունների նստել Արցախի հետ, իսկ այժմ հղում կանեն հենց Մինսկի խմբի այս հայտարարությանը:


Եռանախագահները վերստին վկայակոչում են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա վրա:


«Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն», - ասվում է համանախագահների ծավալուն հայտարարության մեջ:


Մինսկի խումբն ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցային սեղանին են ոչ հայանպաստ՝ Արցախը դատարկելու ու հայաթափելուն ուղղված մադրիդյան սկզբունքներն են, որոնք ենթադրում են Արցախի անվտանգության գոտու վերադարձ Ադրբեջանին, ինչպես նաև այդ տարածքներ ադրբեջանցիների վերադարձ:


Միայն այս երկու կետերի կյանքի կոչումն կոչնչացնի Արցախի անվտանգության ողջ համակարգն ու դեմոգրաֆիական նոր ստատուս-քվո կհաստատի Արցախի շուրջ:


Ինչ վերաբերվում է ռեֆերենդումի հարցին, ապա Բաքուն երբեք չի ընդունելու դրա արդյունքները, եթե դրանով Արցախն անկախություն ստանա կամ միանա ՀՀ-ին: Այդ պարագայում նրանք ուղղակի ավելի հարմար դիրքերից ռազմական ագրեսիա կսկսեն Արցախի դեմ:


Համանախագահները պատրաստ են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների և արտգործնախարարների հետ ցանկացած ժամանակ, և կոչ են անում առաջնորդներին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բանակցությունները:


Վստահության ամրապնդման և խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորագույն բաղադրիչը մնում է համանախագահների միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև շարունակական և ուղիղ երկխոսությունը:


Այստեղից հստակ երևում է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը Մինսկի խումբը պատկերացնում է, որպես երկու սուբյեկտների՝ ՀՀ-Ադրբեջան բանակցություններ: Փաշինյանի այն հայտարարությունները, որ նա չի բանակցելու Արցախի փոխարեն մնացին օդում. հենց Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումն առանց Արցախի ու նրա նախագահ Բակո Սահակյանի մասնակցության, խոսում է այն մասին, որ ձևաչափի փոփոխություն չի լինելու, իսկ ՀՀ-ի կողմից այդ ֆորմատով բանակցություններից հրաժարվելը casus belli կլինի Բաքվի համար:


Միջազգային հանրությունն ու Մինսկի խումբը բանակցություններում դեստրուկտիվ կողմ կընկալի հենց ՀՀ-ին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու Ադրբեջանի ագրեսիան կստանա լուռ լեգիտիմություն:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43604