Թույլ չենք տա մեզ օգտագործել որպես մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերում․ Փաշինյանն Իրանում

Մենք պետք է կարողանանք հաղթահարել այն ցիկլը, որը մեզ ուղեկցում է Արշակունիների ժամանակներից: Այս մասին Իրանի Սպահան քաղաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Իրանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ցիկլը պետականության կորստի անընդհատ շրջապտույտն է, երբ մենք Արշակունիների վերջից երկար ժամանակով ընդհատեցինք պետականություն ունենալու մեր պատմությունը: Երբ ես մտածում եմ հավաքական պատմական առաքելության մասին, իմ առաջին միտքը պատմական ցիկլը հաղթահարելն է:


Մենք կորցնում ենք պետականությունը, երազում ենք պետականության մասին, հետո էլի ենք ձեռքբերում, հետո կորցնում, հետո ներից ենք երազում: Եթե խոսենք պատմական առաքելության մասին, մենք պետք է սրբագրենք մեր իսկ պատմության տրամաբանությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Նա շեշտեց, որ մենք՝ որպես ժողովուրդ, այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ, այլևս թույլ չենք տալու որևէ մեկին մեզ օգտագործել որպես մանրադրամ իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, թույլ չենք տալու, որ մեր եղբայրներին օգտագործեն մեր պետությունը քանդելու, թուլացնելու համար:


«Սա հայ ժողովրդի միասնության բացառիկ ժամն է, մենք պետք է սրբագրենք այդ պատմությունը, վերադառնանք 374թ.-ը, թույլ չտանք Պապ թագավորի սպանությունը, որն ամենամեծ դավադրությունն էր պետականության ու ժողովրդի նկատմամբ: Մենք թույլ չենք տալու, որ որևէ մեկի մտքով անցնի, որ կարող է Հայաստանը և Արցախը մեր ձեռքից խլել: Մենք Արցախի հպարտ քաղաքացիներն ենք, Պապ թագավորի ժառանգներն ենք, Տիգրան Մեծի ժառանգներն ենք»,- ընդգծեց վարչապետը:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարական, ոչ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ «մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի ներքո, հիմա «հայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո»:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43238