Նոր զինատեսակներ եւ Սու-30ՍՄ. Հայաստանն անցնում է հարձակողական ստրատեգիայի․ Տոնոյան

Հայաստանը փոխում է բանակի կառուցման փիլիսոփայությունը՝ պաշտպանական ստրատեգիայից անցում կատարելով հարձակողականի։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։


Նրա խոսքով, վերջին շրջանում հայկական բանակը փոխում է իր նախկին պաշտպանական ստրատեգիան՝ այդ նպատակով ձեռք բերելով նոր զինատեսակներ։ Այս համատեսքտում նա օրինակ բերեց Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ տեսակի կործանիչների ձեռք բերման գործարքի մասին եւ 100 մլն դոլարի նոր պաշտպանական վարկային պայմանագրի կնքումը։ «Դրացից է Սու-30ՍՄ տեսակի կործանիչների ձեռք բերման մասին պայմանագրի կնքումը», -ասաց նախարարն՝ իր խոսքում նաեւ պատասխանելով այդ պայմանագրը քննադատողներին։


Քննադատողների մեծ մասը նշում է գործարքի բարձր արժեքը, գին-որակ հստակ վերլուծության բացակայությունը եւ Սու-30ՍՄ-ների կիրառման արդյունավետությունը զարգացած հակաօդային պաշտպանության համակարգի պայմաններումը, որն ունի Ադրբեջանը։


«Ինչ է նշանակում գործարքը թանկ է։ Ինչի հետ են համեմատում։ Եթե մենք Սու-30ՍՄ-ի միջոցով կարողանում ենք առաջնագծից հարյուրավոր կմ հեռավորության վրա արդյունավետ խնդիրներ իրականացել, խնայել տասնյակ եւ հարյուրավոր զինվորների կյանքեր, ապա ինչ թանկարժեքության մասին է խոսքը», - ասաց նախարարը։


Նրա խոսքով, Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։


«Ոչ քանակական առումով, ոչ ժողովրդագրական առումով, ոչ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնելու», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով նաեւ, որ բանակի՝ հարձակողական ստրատեգիայի անցումն ունի լուրջ հիմքեր։


«Փոխվում են ժամանակները եւ պայմանները, բանակը պետք է համապատասխանի ներկայի մարտահարավերներին եւ հաղթահարի դրանք։ Ուստի մենք պարտավոր ենք գնալ այդ քայլին, քանի որ ինչպես ասում են՝ պաշտպանվող բանակը վերջում միշտ պարտվում է», - եզրափակեց նա։


Հաղորդավարի հարցին՝ հարձակվելու՞ ենք նաև, Տոնոյանը պատասխանեց. «Իսկ ինչու՞ ոչ»։


Ռուսական նոր վարկով, որը ևս 100 մլն դոլար է կազմելու, Հայաստանը ձեռք է բերելու այնպիսի սպառազինություն, որը հնարավորություն կտա, չմտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, խնդիրները հաջող լուծել։ Սպառազինության տեսակը, ըստ նախարարի, դեռ գաղտնիք է։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43045