Արտահանումը նվազել է 15.8%-ով, բայց տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019 թվականի հունվարին 6.1 տոկոսով աճել է 2018 թվականի հունվարի համեմատ:


ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: 2019թ. հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 22.1 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը 26.3 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.6 տոկոսով:


Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 2.6 տոկոսով:


Առեւտրի շրջանառությունն ավելացել է 19.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 0.4 տոկոսով պակաս է 2018-ի հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.1 տոկոսով (172 հազար 198 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 149 399 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 6.5 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 184 հազար 646 դրամ` աճելով 1.8 տոկոսով:


Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2019-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.6 տոկոսով, ընդ որում` արտահանումը նվազել է 15.8 տոկոսով, իսկ ներմուծումը` 3.3 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվարին եղել է 485.79:


ԱՎԿ-ն տեղեկացնում է, որ այսուհետ գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտի ցուցանիշը հրապարակվելու է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ: Սույն մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43035