Փաշինյանն ընդդիմադիր գործունեության համար «ֆինանսական աջակցություն է ստացել». Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Սեդրակ Քոչարյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործունեության շրջանում «տուփերով ակտիվ ֆինանսական աջակցություն է ստացել»: Այս մասին Սեդրակ Քոչարյանը հայտարարել է 2rd.am-ին տված հարցազրույցում:


«Չեմ թաքցում. տեղի ունեցողն ինձ առանձնապես չի զարմացնում: Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին։


Պատգամավոր եղած տարիներին նա որևէ առիթ բաց չթողեց եւ հետևողականորեն փորձեց զրպարտել և սևացնել մեր ընտանիքի բարի համբավը, արժանապատվությունը, նույնիսկ այն պարագայում, երբ հայրս արդեն երկար ժամանակ պետական որևէ պաշտոն չէր զբաղեցնում։


Ըստ օդում կախված լուրերի՝ այդ ընթացքում քաղաքական գործունեության համար նա ակտիվ ֆինանսական աջակցություն էր ստանում ճիշտ այնպես, ինչպես լրագրողական գործունեության տարիներին, սակայն արդեն ոչ միայն «ծրարներով», այլեւ «տուփերով»՝ տարբեր անհատներից եւ կազմակերպություններից։


Մեր ընտանիքի մասին կեղծ և ստահոդ լուրերի հիմնական տեխնոլոգիան, որն ուղղորդվում է Նիկոլի և իր արբանյակների կողմից, շատ պարզունակ է։ Տասնյակ եւ հարյուրավոր կեղծ և սուտ տեղեկատվությանը կցվում է մի քանի՝ որեւէ իրավախախտում չպարունակող փաստ եւ ընդհանուր ստի սոուսի տակ մատուցվում հասարակությանը։ Մատուցված ինֆորմացիայի զգալի մասը կեղծ, սուտ կամ էականորեն չափազանցված է եղել։ Ինչպես եւ հիմա։


Ապրիլյան իրադարձությունների արդյունքում վարչապետ կարգված Նիկոլը շարունակում է նույն մոտեցմամբ առաջ շարժվել։


Ցավոք, երկրի ղեկավար է դարձել մի մարդ, որը ցանկացած միջոց պատրաստ է օգտագործել իր կասկածելի նպատակներին հասնելու համար։ Մարդկանց դժգոհությունը նախկին իշխանություններից, ըստ էության, ամբողջությամբ կապիտալիզացվեց մեկ մարդու անձնական վրեժխնդրության բավարարման համար», - ասել է Քոչարյանը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42686