ԱՄՆ-ի միջամտությունը հայ-ռուսական հարաբերություններին անթույլատրելի է

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:


«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:


Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:


ԱՄՆ-ն փաստացի միջամտություն է իրականացնում սուվերեն երկրի` ՀՀ-ի ներքին գործերին, գնահատականներ հնչեցնելով ՀՀ արտաքին քաղաքականության ու Երևանի ռազմավարական թիվ մեկ դաշնակից` ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության վերաբերյալ:


ՀՀ-ն ունի սուվերեն արտաքին քաղաքականություն, որը բխում է երկրի ու նրա քաղաքացիների շահերից: Սիրիա հայկական առաքելության գործուղումը նպատակ ունի նպաստել թե՛ տեղի հայ համայնքի համար անվտանգության միջավայր ստեղծելուն, թե՛ պատերազմից տուժած Սիրիային ու նրա ժողովրդին մարդասիրական աջակցության տրամաբանությունից:


ԱՄՆ-ն փորձում է սեպ խրել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում ու խոչընդոտել ՌԴ-ՀՀ համագործակցությանը նաև միջազգային հարթակներում`այս պարագայում Սիրիայում: ՀՀ-ի ԱԳՆ-ն պետք է կտրուկ արձագանքի ԱՄՆ-ի դեսպանատան այս հայտարարությանը:


Սիրիայում ԱՄՆ-ն տարիներ շարունակ աջակցել է տարբեր ընդդիմադիր զինված խմբերին, ծայրահեղականներին` սեփական միջոցներով զինելով ու պատրաստելով նրանց սուվերեն պետության լեգիտիմ նախագահ Բաշար Ասադի դեմ գործելու համար: ԱՄՆ-ն նաև օգտագործել է իր դաշնակիցների` Կատարի, Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի ֆինանսական ու լոգիտսիկ հնարավորությունները Սիրիան կազմաքանդելու համար:


Մեծ Մերձավոր Արևելք ռազմավարական ծրագիրը կյանքի կոչելու համար ԱՄՆ-ն նպաստել է մի շարք սուվերեն պետությունների` Իրաքի, Լիբիայի, Սիրիայի կազմաքանդմանն ու նրա ղեկավարների դեմ հաշվեհարդարներ է տեսել: Այսպիսի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարող պետությունը չի կարող մեղադրել Ռուսաստանին, որն աջակցում է Սիրիայի լեգիտիմ իշխանություններին ու պայքարում է ԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբերի դեմ:


ԱՄՆ-ն վարում է երկակի ստանդարտների քաղաքականություն, քանի որ հայկական առաքելություններ կան նաև Կոսովոյում ու Աֆղանստանում: Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:


2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:


Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:


2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: 2015թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել և հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահներ:


Ինչու ԱՄՆ-ն չի արտահայտվում այդ պետությունների մասով: Հարավսլավիայի ռմբակոծություններով ու այդ պետության կազմաքանդմամբ Սերբիայի պատմական հողերի վրա ԱՄՆ-ն ստեղծեց Կոսովո պետությունը, որի ղեկավարները մեղադրվում են մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի և զենքերի վաճառքի մեջ: ԱՄՆ-ն Կոսովոյում ունի ռազմաբազա, ինչպես նաև ճանաչել է այդ երկրի անկախությունը` դրանով իսկ անտեսելով պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Իրաքը, որպես միասնական պետություն այսօր գոյություն չունի, իսկ նրա նախագահ Սադդամ Հուսեյնը սպանված է:


Ինչ վերաբերվում է Աֆղանստանին, ապա ԱՄՆ-ն աջակցություն էր ցուցաբերում, զինում ու ֆինանսավորում էր աֆղանական մոջահեդներին` Պակիստանի, Սաուդյան Արաբիայի միջոցով, որպեսզի նրանք պայքարեն խորհրդային զորքերի դեմ:


Եթե հայկական զորախումբը մասնակցում է ԱՄՆ-ի հովանու ներքո գործողություններին Կոսովոյում, Աֆղանստանում, ապա Վաշինգթոնի համար դա ընդունելի է և ողջունելի: Իսկ ՌԴ-ի հովանու ներքո մարդասիրական աջակցության շրջանակներում հայկական փոքրաթիվ ուժերի ներկայությունը Հալեպում քննադատվում ու դատապարտվում է նույն Վաշինգթոնի կողմից: 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42469