Հայաստանում գրանցվել է երրորդ մահը «խոզի գրիպից»

Հայաստանում գրիպի Ա տեսակով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


«Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն` փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Չնայած իրավիճակի կայունացմանը՝ հիվանդանոցներում առկա են նաև ծանր հիվանդներ, որոնց կլինիկական վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելիությունը և ուղեկցող հիվանդությունները: Ցավոք, վերջին երկու օրվա ընթացքում մահվան դեպք է արձանագրվել: Հանգուցյալի մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը: Մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-տեղեկացնում են նախարարությունից:


Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունն, ընդհանուր առմամբ, նվազել է՝ կազմելով 1275: Հոսպիտալացված է 781 հիվանդ, 92,8%-ը երեխաներ են: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 89 կանչ:


Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը:


Ինչպես տեղեկացրին նախարարությունից՝ ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա (Երևան՝ 51, մարզեր՝ 69), որոնք տուն են ուղարկվել:


Ավելի վաղ հանրապետությունում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով պայմանավորված մահվան դեպք էր գրանցվել: Մահացածը եղել է կին, որ զուգահեռ ունեցել է նաև այլ հիվանդություններ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42032