Կրճատվելու է 5 նախարարություն, հետեւանքները կլինեն ծայրահեղ ծանր. Հովհաննիսյան

Ըստ կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի, նախատեսվում է կրճատել 5 նախարարություն՝ կօպտիմալացվեն ոչ միայն մշակույթի, սփյուռքի, այլ նաև սպորտի, գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարությունները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ անդամ, ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:


Ըստ Հովհաննիսյանի, այս ամբողջ խառնաշփոթի մեջ տուժելու են չափազանց մեծ քանակությամբ մարդիկ, իսկ որ պակաս կարևոր չէ արդյունավետությունը լինելու է ծայրահեղ ցածր:


Նշվում է, որ կրթության և գիտության նախարարության են միացվում մշակույթի և սպորտի նախարարությունները։ Ինչպես նշում է Հովհաննիսյանը, հսկայական կառույց է դառնում, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդյունավետ չի կարող աշխատել: Սփյուռքի նախարարությունը վերացվում է, անունը ևս չի պահպանվում որևէ այլ նախարարության վերտառության մեջ, գործառույթները կիրականացնի ԱԳՆ:


«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այլևս բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն է։Այս ոլորտներին ուշադրություն դարձնել անկասկած պետք է, բայց արդյո՞ք առանձին նախարարություն ստեղծելու տեսքով։ Էներգետիկայի նախարարությունը միանում է տարածքային կառավարման նախարարությանը: Այս նախարարության տիրույթ են տեղափոխվում նաև տրանսպորտը, պետական գույքի կառավարման կոմիտեն: Կրկին «սուպեր» նախարարություն, կրկին անհասկանալի նպատակով: Գյուղատնտեսության նախարարությունն էլ միանում է տնտեսական զարգացման նախարարությանը: Մտածեք ինչու: Հասկանաք՝ իմաց տվեք։


Կառավարման արդյունավետության տեսանկյունից բավական բարդ է տեսնել տրամաբանություն այս ամենի մեջ, քանզի մի քանի անհասկանալի նպատակով ստեղծված «սուպեր» նախարարությունների կողքին առանձին նախարարություն է մնում, օրինակ, արտակարգ իրավիճակների նախարարությունը»,-ասվում է գրառման մեջ:


Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին արտակարգ իրավիճակների նախարարությունները այդքան էլ տարածված չեն, դրանք հիմնականում ոստիկանության հետ ընդգրկվում են ներքին գործերի նախարարության կամ այլ նախարարության կազմում։ Բացի դրանից միասնական ներքին գործերի նախարարություն ստեղծելով՝ ոչ միայն հնարավոր կլիներ իրականացնել էական խնայողություններ, այլ վարչապետ Փաշինյանը եզակի անգամ կկատարեր իր խոստումը, այն է ՝ ստեղծել համակարգ, որով Ոստիկանությունը հաշվետու կլիներ Ազգային ժողովին։


«Սակայն, նոր կառավարությունը իր կառուցվածքը որոշում է, ելնելով ոչ թե արդյունավետությունից, այլ այն հանգամանքից, թե արդյոք տվյալ նախարարության համար ունի հարմար նախարար, թե ոչ... Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարեւորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են»,-ասվում է գրառման մեջ:


Դեկտեմբերի 21-ին մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ: Նրանք հայտնեցին գործադուլ հայտարարելու մասին, այնուհետև, արդեն կառավարության շենքի մոտ պահանջում էին իրենց բաց նամակը փոխանցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40449