Փաշինյանի իշխանական ծրագիրը. ենթարկել Արցախը եւ «կոտրել» բանակի հրամկա՞զմը

Հայաստան-Արցախ հարաբերությունները քաղաքական ղեկավարությունների մակարդակով հայտնվել են բավականին բարդ ու մարտահարավերներով լի քննության առջեւ: Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի հրաժարականի մասին լուրը եւ դրա հետեւում թաքնված գործընթացները ՀՀ-ԼՂՀ հարաբերությունների ամրությունը եւ ղեկավարությունների քաղաքական հասունությունը ստոգող թեստ է լինելու:


Արացախի նախագահ Բակո Սահակյանը ժամանել է Երեւան եւ հանդիպել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Թեպետ երկու նախադասությունից բաղկացած մամուլի հաղորդագրության մեջ շատ ընդհանրական ձեւակերպումներ են, այցի իրական նպատակը, ըստ մեր տեղեկությունների, ստեղծված իրավիճակը քննարկելն է ամենաբարձր մակարդակով:



Ընտրությունների նեգատիվ նստվածքը


Թեպետ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ջախջախիչ հաղթանակով, սակայն ընտրական գործընթացում արված սնակդալային հայտարարությունների բացասական հետեւանքները զգացվում են մինչեւ այժմ:



Խոսքը, մասնավորապես, Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանի հայտնի՝ «թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան արցախյան պատերազմում հաղթանակը» հայտարարությանն ի պատասխան Արցախի պաշտոնական շրջանակներից հնչած կոշտ գնահատականների մասին է: Դրանց հետեւեց Նիկոլ Փաշինյանի նույնքան կոշտ հրապարակային արձագանքը՝ զուգորդված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված «կարգի հրավիրի (Արցախի) կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու» հորդովով: Փաշինյանը, իհարկե, ներողություն խնդրեց Սասուն Միքայելյանի հայտարարության համար, սակայն կոշտ իր արձագանքով նաեւ ցույց տվեց՝ «ովքեր չեն կարող դատել» իր թիմակցին:


Թերեւս Փաշինյանն այս առումով քիչ տարբերվեց իր կողմից այդքան չընդունված ՀՀԿ-ից, որի ղեկավար Սերժ Սարգսյանն իր իշխանության տարիներին, անտեսելով հանրային բացասական տրամադրությունները, ամեն կերպ պաշտպանում էր ոչ միանշանակ ընկալվող գործիչներին: Ներթիմային համերաշխության ու քաղաքական նպատակահարմարության սկզբունքը գերակայում էր հանրության հետ համերաշխության հրամայականին: Այս գործելաոճը, ի վերջո, խախտվեց հանրության հետ լեզու գտնելու բոլոր խողովակների աշխատանքը, որն էլ ապրիլ-մայիսյան հեղափոխական գործընթացների պատճառ հանդիսացավ:


Հայաստանի նոր իշխանությունները թերեւս այս պահին «լողում են» լեգիտիմության մեջ եւ հանրության հետ համերաշխ լինելու խնդիր չունեն: Սա ժամանակավոր երեւույթ է, հատկապես եթե որդեգրվում է նախկինների՝ հանրային վստահությունը մաշող, իսկ երբեմն խժռող գործելաոճը՝ չնայած սխալներին ամեն գնով պաշտպանել սեփական թիմակցին եւ հարձակվել նրան քննադատողների վրա:



Այնուամենյանիվ, Սասուն Միքայելյանի հայտարարության քննարդատության ու Փաշինյանի կոշտ արձագանքի հետ կապված լարվածությունը հաղթահարելու համար այդ օրերին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանից Արցախ են գործուղվել երկու բանագնաց՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով Արցախից Արմեն Գրիգորյանը եւ իր քեռին՝ ՀՀ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Նրանց բավականին սառն են ընդունել Արցախում եւ հետները խիստ տոնով խոսել: Բանագնացների առաքելությունը տապալվել է, իրավիճակը շարունակել սրվել այն անստիճան, որ Լեւոն Մնացականյանը սպառնացել է հրաժարականի դիմում գրել: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ժամանել է Երեւան ստեղծված իրավիճակն ամենաբարձր մակարդակով քննարկելու համար:


Ազատվելու դիմում չի՞ գրել


Մինչեւ այժմ ոչ միանշանակ ու հստակ չեն նաեւ Արցախից՝ Լեւոն Մնացականյանի հրաժարականի մասին խոսակցությունների հերքումները: Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը չի հերքում ու չի հաստատում այդ լուրերը՝ միայն հորդորելով առաջնորդվել պաշտոնական տեղեկատվությամբ: «Ցանկացած տեղեկության համար պետք է այցելել Արցախի Հանրապետության նախագահի կայքէջ և առաջնորդվել միմիայն պաշտոնական տեղեկատվությամբ. մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում»,- գրել է նա Facebook-ի իր էջում՝ այսպիսով չհերքելով, որ Արցախում ներքին խժդժություններ կան, որոնք կարող են հանգեցնել Լևոն Մնացականյանի հրաժարականին:



Կայծակնային արագությամբ տարածվող լուրերին անդրադարձել է նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2015 թ-ին: Նա Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ», - ասել է նա՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը:


Լրատվամիջոցներից «Հրապարակ» թերթն էլ, թեմային անդրադառնալով, նշում է, որ Լեւոն Մնացականյանի փոխարեն Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։ «Խոսակցություն կա, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն՝ նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին», - նշում է թերթը հավելելով, որ ՀՀ նոր իշխանություններն Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան տեսնում են Բակո Սահակյանի իրավահաջորդ։


Արցախում դժգոհ են


Սոցիալական ցանցերում ու մամուլում շարունակվում են ակտիվորեն քննարկել Լեւոն Մնացականայնի հնարավոր հրաժարակի մասին լուրերը: Մեկնաբանների մեծ մասը ափսոսանք է հայտնում, սակայն կան մարդիկ, որ կողմ են՝ նշելով բարձրագույն պաշտոնյաների ռոտիցիայի կարեւորությունը: Միեւնույն ժամանակ նրանք հստակ չեն նշում, թե արդյոք Մնացականյանի հնարավոր փոփոխությունը պայմանավորված է ռոտացիայի կարեւորությամբ, թե Հայաստանի առաջին դեմքի թիմակցի խոսքերին Արցախում խիստ արձագանքելով:


Այսինքն՝ դեռեւս պարզ չէ, բարձրաստիճան զինվորականի պաշտոնից հնարավոր ազատման մոտիվները զուտ անձնական ամբիցիաների, թե մասնագիտական գրագետ հաշվարկի ու մտածված կադրային քաղաքականության արդյունք է: Սա չափազանց կարեւոր խնդիր է, քանի որ Մնացականյանի նման սպա պատրաստելու համար տասնյակ տարիներ են հարկավոր, իսկ Արցախում եւ Հայաստանում շատ չեն նման որակի, այն է՝ ակադեմիական կրթություն ստացած, ռազմարվեստին տիրապետրող եւ պատերազմի փորձ ունեցող, սպաները:


Միեւնույն ժամանակ Արցախում դժգոհ են ստեղծված իրավիճակից: «Փաշինյանը փորձում է ամեն ինչ ենթարկել իրեն: Ձգտում է նրան, որ իր եւ իր թիմակիցների հայտարարություններին կամ գործերին, անգամ, եթե դրանք ակնհայտ սխալ են, չարձագանքեն ու լռելյայն ընդունեն ի գիտություն: Սա անձնական ամբիցիաների հարց է, որի իրացման արդյունքում, ցավոք, կարող է թուլանալ բանակն ու Արցախը», - նշում է մեր աղբյուրն Արցախից:


Միեւնույն ժամանակ անհանգիստ է իրավիճակը նաեւ Արցախի շուրջը: Ադրեբջանը շարունակում է զինվել, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվն այս օրերին այցելելու է Բաքու եւ համանախագահները սպասում են Երեւան-Բաքու ամենաբարձր մակարդակով բանակցությունների վերսկսմանը: Գործընթացում առկա դադարը պայմանավորված էր նաեւ Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակով: ԱԺ ընտրություններից հետո այն հանգուցալուծվել է, իսկ նոր իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ ստացել են 70 տոկոս վստահության քվե: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լավատեսություն է հայտնում, որ ստեղծվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար բարենպաստ պայմաններ:



Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատից մեր աղբյուրները հայտնում են, որ Արցախի հարցում նա ավելի ռադիկալ է տրամադրված, քան նախորդ իշխանությունները: Այդ մասին բազմիցս պնդել է նաեւ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանին պետք չէ ուղղել փողզիջումներով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին կոչեր, քանի դեռ Բաքուն չի ասել, թե ինչ փոխզիջումների է պատրաստ:


Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ԱԺ ընտրություններից հետո լարվում Արցախի ղեկավարության հետ հարաբերությունը եւ այն դուրս մղվում հանրային քննարկումների դաշտ: Սա զուտ ամբիցիաների խնդի՞ր է, վնասարարությո՞ւն, թե՞ իսկապես Արցախում կան պատերազմով անցած ռազմական գործիչներ, որոնք չեն ցանկանում աներկբա ընդունել ՀՀ նոր, թեպետ հանրության աջակցությունը վայելող, բայց «մարտական անցյալ» չունեցող իշխանությունների դոմինանտությունը:


Այնուամենյանիվ, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որը Փաշինյանի կառավարության անխնա քննադատներից է, կարծում է, որ Նիկոլ Փաշիյանի և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան համար ամենակարևորը իշխանությունն է:


«Հենց այդ պատճառով էլ ՔՊ-ում ապրիլյան հեղաշրջման հաջողումն ավելի կարևոր է, քան արցախյան ազատամարտում հաղթանակը», - նշում է նա ու հավելում, որ Փաշինյանին ԱԺ ընտություններից հետո, որի արդյունքում նա ստացավ 70% վստահության մանդատ, ամբողջական գերիշխանություն հաստատելու եւ անվերահսկելի դառնալու ճանապարհին կարող է խանգարել միայն Արցախն ու նրա ռազմա-քաղաքական ղեկավարությունը։ «Ուստի բնական է, որ ԱԺ-ից հետո Նիկոլի հաջորդ թիրախները՝ բանակ և Արցախ են լինելու», - նշում է նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40017