Ներդրումների խթանում, ԶՈՒ մարտունակության բարձրացում. կառավարության առաջիկա խնդիրները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ուղենշել է գործադիրի՝ առաջիկա շրջանի մի քանի կարևոր անելիքները.


«Առաջինը տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է, և պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, և այդ հետաքրքրությունն առաջիկայում շարունակելու է աճել: Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, և իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար: Հույս ունեմ, որ որևէ ազդակ չեմ ստանա որևէ պաշտոնյայի մասին, որ որևէ ներդրումային նախագծի առջև խոչընդոտներ են հարուցվում և այլն: Իհարկե, մեր նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից է, որ մենք պետք է ներդրումների և ընդհանրապես տնտեսական գործունեության համար անհրաժեշտ բյուրոկրատական քաշքշուկների՝ օրենսդրությամբ նախատեսված ինստիտուտը վերացնենք և հնարավորինս պարզեցնենք ընթացակարգերը, որպեսզի նաև այդ առումով դե յուրե որևէ արհեստական խոչընդոտ չլինի: Հետևաբար, առաջիկա անելիքները ներդրումների խթանումն է, և պետք է շատ արագ դրա համար բարենպաստ միջավայր և պայմաններ ստեղծել:


Երկրորդ կարևորագույն անելիքը ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է: Մենք պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել ռազմարդյունաբերական համալիրում, և այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաև Հայաստանում ինժեներական և տեխնիկական գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը, իհարկե, առաջիկա ամենակարևոր անելիքներից է:


Հաջորդ առանցքային խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացման հարցն է: Սրա մասին մենք խոսել ենք նաև նախընտրական շրջանում, և ասել եմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2.5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»:


Հաջորդ կարևոր ուղղությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի, լինելու է կրթության ոլորտը, բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի բերելը: «Խոսել ենք բարձրագույն կրթության ոլորտի համախմբման անհրաժեշտության մասին: Կարծում եմ, որ մեծ դիսբալանս է առաջացել բուհական համակարգի և գերատեսչական համակարգի միջև, և մենք պետք է նույնականացնենք և ունենանք միասնական բուհական համակարգ, որը կոնկրետ խնդրներ լուծի»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը:


Նիկոլ Փաշինյանը մյուս կարևոր խնդիրը համարել է առողջապահության ոլորտում լրջագույն բարեփոխումների իրականացումը, որի նպատակը հանրության լայն շերտերի համար ծառայությունների հասանելիության ապահովումն է:


«Կարևորում ենք նաև պետական կառավարման համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման խնդիրը, որը նույնպես նախընտրական շրջանում և ընդհանրապես բազմիցս քննարկել ենք: Որպես այս ամենի հանգուցալուծում կամ գագաթնակետ՝ պետք է ընկալենք քաղաքացիների սոցիալական վիճակի և բարեկեցության մակարդակի էական փոփոխությունների արձանագրումը: Մեր խնդիրն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելը և աղքատությունն էականորեն նվազեցնելը: Ունենք քաղաքացիների մանդատը և այս խնդիրները պետք է կարողանանք լուծենք առաջին հերթին աշխատանքի խրախուսմամբ և աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհով»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/40014