«Սասնա ծռերը» հորդորում են կառավարությանը վերանայել ՌԴ-ի ռազմական ներկայության պայմանները

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել օրեր առաջ Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության վերաբերյալ։


Հայտարարությունում ասվում է. «Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող:


Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին եւ նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը՝ ռուս զինծառայողը դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դաժանորեն ծեծել է փողոցը մաքրող կնոջը, որը մահացել է հիվանդանոցում:


Հատկապես 2015 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո ակնհայտ դարձավ, որ ռուսաստանյան ռազմական ներկայության վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված միջազգային պայմանագրերի եւ Ռուսաստանի Սահմանադրության իրավակարգավորումներով ստեղծված է այնպիսի մեխանիզմ, որը բացառում է նման դեպքերում ռազմակայանի զինծառայողի նկատմամբ Հայաստանի արդարադատության լիարժեք իրականացումը:


Մամուլի հրապարակումներ կան, որ այս անգամ եւս ռուսաստանյան զինծառայողը գտնվում է ռազմակայանի տարածքում եւ, ինչպես Պերմյակովի պարագայում, քննչական գործողությունները կատարվում են այդ տարածքում:


Եթե այդպես է, ապա պետք էլ չէ որեւէ հույս ունենալ, թե ռուսական կողմը կհանձնի նրան: Ռուսաստանի Սահմանադրությունն ուղղակի արգելում է դա: Փաստորեն՝ Հայաստանի տարածքում գերակայում են Ռուսաստանի Սահմանադրությունն ու իրավազորությունը:


Եթե այս անգամ էլ լռենք եւ քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու: Հայաստանի տարածքում պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը:


«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Հայաստանի կառավարությանը հորդորում է այս ողբերգական դեպքը առիթ դարձնել՝ առնվազն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց սկսելու եւ այդ գործընթացը Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորության վերածելու համար»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39993