Անձի լեգիտիմություն եւ կոշտ ընդդիմության բացակայություն. ինչիպիսի՞ն կլինի նոր ԱԺ-ն

Առաջին անգամ մենք կունենաք Ազգային ժողով, որում չկա իրական կոշտ ընդիմություն, և ընտրված մեծամասնությունն էլ ունի բացարձակ մենիշխանություն։ Այսպես է մեկնաբանում ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ փորձագետ Ավետիք Չալաբյանը:


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է բոլոր 2010 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, համաձայն որոնց իշխող «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը բացարձակ առաջատարն է: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների 70,4%-ը (884 456 քվե):


Ըստ ԿԸՀ տվյալների, Ազգային ժողով անցնելու պատնեշը հաղթահարել եւ առաջին եռյակում են հայտնվել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ ստանալաով համապատասխանաբար քվերենրի 6,3% ( 80 024 քվե) եւ 8,3%-ը: Նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը ամենայն հավանականությամբ ներկայացված չի լինի Ազգային ժողովում. կուսակցությունը ստացել է ձայների 4,7%-ը՝ չհաղթահարելով ԱԺ անցնելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը: Նույն ճակատագրին են արժանացել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝ ստանալով 3,89% քվե:


Չալաբյանն որոշակի հիասթափություն ունի ընտրությունների ընդհանուր արդյունքից, քանի որ առաջին անգամ մենք “կունենաք Ազգային ժողով, որում չկա իրական կոշտ ընդիմություն, և ընտրված մեծամասնությունն էլ ունի բացարձակ մենիշխանություն”։ Մյուս կողմից նա հասկանում է պատճառը. “Սա ժամանակակից ժողովրդավարության պարադոքսն է, որի կիսատ և նաև մանիպուլյատիվ կիրառումը պատերնալիստական հասարակությունում տալիս է կասկածելի և նույն հասարակության երկարաժամկետ շահերին հակասող արդյունք, և հետագա անկայունության հիմք է դնում”։


Ինչև, նրա խոսքով, վիճակը նետված է։ Նրա խոսքով, ՀՅԴ-ն կարող էր կոշտ ընդիմություն դառնալ, և որը նույնիսկ մոտ էր այդ արդյունքին, սակայն անցյալի տարբեր սխալների բեռը թույլ չտվեց մինչև վերջ շտկել մեջքը և հանդերձ գալ հասարակության համար թարմ և հատուկ, գրավիչ նոր ուղերձով։ “Այս ընտրություններից հետո մենք արդեն կգնանք մեր սեփական ճանապարհով, կառուցելով ժամանակակից ազգային առաջադիմական ուժ, և ակնկալում ենք ձեր շատերի անմիջական մասնակցությունը և աջակցությունը։ Մինչ այդ, ցանկանում եմ նորից շնորհավորել յուրաքանչյուրիդ՝ կայացած ազատ և թափանցիկ ընտրությունների կապակցությամբ, և ցանկանալ, որ այն մեզ արարման և առաջընթացի ճանապարհ բացի”, - նկատում է Չալաբյանը։


Քաղաքական մեկանաբան Հարություն Ծատրյանը նշում է, որ գրեթե 150 հազար քաղաքացու քվե փոշիացավ, քանի որ մի շարք կուսակցություներ չկարողացան հաղթահարել ԱԺ-ում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 5%-ոց շեմը։ “Ինչ խոսք, մեծ թիվ է։ Նկատի ունեմ այն, որ ԱԺ անցած քաղաքական երեք ուժերից դեռ ոչ մեկը հանդես չի եկել հայտարարությամբ, որ տեր կկանգնի նաև այդ քվեներին ու ինքը կլինի բոլորի ներկայացուցիչը”, - նշում է նա։


“Ինչևէ, արձանագրենք՝ ԱԺ են անցնում 3 քաղաքական ուժեր՝ Իմ քայլը դաշինք, ԲՀԿ և ԼՀԿ։ Կայուն մեծամասնություն ունի Իմ քայլը՝ 70+%։ Մյուսների գործը բարդ է, քանի որ դժվար է ակնկալել կոալիցիոն կապ կամ ներկայացվածություն գոնե գացափարախոսական տարբերության ակնհայտության ֆոնին։ Ի դեպ, տոկոսային առումով չափից շատ են «ցանկալի» համընկնումները։ 4%-ի շեմի համար (նոր ԸՕ) չքվեարկած ուժերը այդքանից ավելի չհավաքեցին (ՀՀԿ և ՀՅԴ), իսկ կայուն մեծամասնությունը ձևավորվեց «այնքան, ինչքան պետք էր» սկզբունքով”, - ընդգծում է Ծարտրյանը։


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ընտրությանը մի հսկա զանգված չի մասնակցել քվեարկութանը ու դա հիմնականում գիտակցված քայլ է: «Ընտրություններից դեռևս մի քանի շաբաթ առաջ մի քանի անգամ ասել եմ, որ ինձ հիմնականում հետաքրքրում է մասնակիցների քանակը: Հիմա էլ եմ այդ կարծիքին:


Ինչու: Քաղաքական համակարգը փլուզված է և մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում, այդ թվում նաև ՔՊ-ին: Մարդիկ քվեարկելու են ընդամենը Նիկոլի ցուցակի օգտին` ով որ քվեարկի: Մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է:


Նիկոլի վարկանիշի անկման դեպքում անիմաստ է դառնում Նիկոլի ցուցակով կազմված խորհրդարանը: Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու: Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չի և դրա համար է կարևոր չմասնակցողների տոկոսը: Դա իր դերը հետագայում կատարելու է»,-գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան էջում։


Ըստ ԿԸՀ տվյալների, խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, մասնակցել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների 48.63 տոկոսը: Նկատենք, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 574 947 մարդ կամ ընտրողների 60.86 տոկոսը:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39792