Մամուլ. Մանվել Գրիգորյանը մինչեւ ամանոր կլինի ազատության մեջ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի: Ամիրյանը հրահանգել է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, բացի Հակոբյանից՝ հավաստիացնելով, որ այդ դեպքում Մանվել Գրիգորյանը մինչեւ ամանորյա տոները կլինի ազատության մեջ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, կկալանավորվի, թե ոչ: ՀՀ վերաքննիչ դատարանում հինգ օր շարունակ դռնփակ նիստում ընթանում էր այս հարցի քննությունը, որին որպես մեղադրող կողմ մասնակցում էր անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քոչարյանի փաստաբանները դիմել են նաեւ նախկին նախագահի խափանման միջոցի ընտրության հարցը ՍԴ քննության ուղարկելու միջնորդությամբ, քանի որ, ըստ նրանց, գործ ունենք սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության դրույթի հետ: Մինչդեռ դատախազությունը պնդում է անձեռնմխելիությունը բացարձակ չէ, Քոչարյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելիս դուրս է եկել սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակներից, եւ, վերջապես, ազատության մեջ մնալով` նախկին նախագահը կարող է թաքնվել քննությունից, իր դիրքն ու հեղինակությունն օգտագործել նախաքննությանը խոչընդոտելու, վկաների նկատմամբ ազդեցություն գործադրելու համար: Որքան էլ ներկայացված խնդիրը բացառապես իրավական տիրույթում է, հաշվի առնելով քրեական գործի բնույթը, Ռոբերտ Քոչարյանի անձը, պետք է արձանագրենք՝ հարցն, այնուամենայնիվ, քաղաքական նշանակություն ունի: ԵՒ այդ առումով պատահական չէ, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը դատարանը որոշելու է դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր առաջ: Միգուցե զուգադիպություն է, միգուցե՝ ոչ: Ամեն դեպքում, սպասենք դատարանի որոշմանը` միաժամանակ արձանագրելով, որ նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքը դեռ չի մեղմվել:


«Փաստ» թերթը գրում է. «Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող ու աղմկոտ քրեական գործերից զատ, կան նաեւ, այսպես ասած, ընթացիկ դեպքեր եւս: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, դեկտեմբերի 3-ին Լոռու մարզի ոստիկանները Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի, Տարոնի, ինչպես նաեւ Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի ոստիկանության բաժիններ են բերման ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները մտավախություններ ունեն, որ Լոռու մարզում կարող են ոչ «հեղափոխական» տոկոսներ ստանալ՝ հաշվի առնելով հանրապետականների՝ այլ տարածքների համեմատ ուժեղ ռեյտինգային ցուցակն այդ մարզում, ինչպես նաեւ Մարուքյան եղբայրների զգալի ազդեցությունը: Հենց այս նպատակով էլ որոշվել է ոստիկանության միջոցով զգուշացնել այն սուբյեկտներին, որոնք այս ընտրություններին աշխատելու են իշխանության մրցակիցների օգտին: Ընդ որում, նման դեպքերը գուցե բացառություններ չլինեն առաջիկա մի քանի օրերին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախկին օլիգարխ և մենաշնորհների արքա, ներկայումս սեփականատեր և ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը կազմակերպելու գործին: Հրաչյա Հակոբյանը «Իմ քայլի» ցուցակի վերջին տեղում է, իբրև թե տեսեք՝ Փաշինյանն իր աներորդուն առաջնություն չի տալիս, բայց եթե Սամվել Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ նա հազարավոր ձայներ ստացավ ու հայտնվեց խորհրդարանում, անաչառ վարչապետ Փաշինյանը ինչ կարող է անել: Ինքը հո Հրաչյա Հակոբյանին պատգամավոր չի սարքել, ժողովուրդն է իր քվեներով նրան ընտրել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ քարոզարշավի պատասխանատու Արմեն Աշոտյանին հարցրինք՝ նախորդ տարիների նմա՞ն է ձեր քարոզարշավը։ «Իհարկե ոչ, սա մեր վերջին քարոզարշավների մեջ ամենաէժան քարոզարշավն է․ նախկինում միշտ «Շարմ»-ին էինք պատվիրում՝ շատ գունեղ, թանկ քարոզարշավ էր լինում՝ հոլովակներ, երգեր էինք պատվիրում, երաժշտական կլիպներ էինք նկարում, հիմա շատ փոքր գումարով մեծ արդյունք ենք ուզում ստանալ։ Շատ նպատակային ենք ծախսում՝ թիրախին խփելու համար․ կոնցեպտը դրա վրա է կառուցված»։ Ասում են՝ ամենաթանկը ձեր քարոզարշավն է՝ հարցրինք «Իմ քայլից» Ալեն Սիմոնյանին։ «Համամիտ չեմ, ծախսվում է դրամահավաքի ժամանակ գոյացած գումարը, որի կեսն անգամ դեռ չենք ծախսել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չի բացառվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր սպառնալիքի, ՀՀԿ-ին հանցագործ բանդա անվանելու համար այդպես էլ դատական հայց չներկայացնի ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը Միրզոյանի հայտարարությանը եւ այդ կապակցությամբ Աշոտյանի սպառնալիքներին հաջորդած արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ եւս դատական հայց ներկայացնել, քանի որ կիսում են ՀՀԿ-ի մասին փոխվարչապետի կարծիքը: «Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Աշոտյանից փորձեց պարզել` վերջինս իսկապես պատրաստվո՞ւմ է դատի տալ Միրզոյանին, թե՞ դա պարզապես քաղաքական հայտարարություն էր. «Ընթացքի մասին կտեղեկացնեմ: Հիմա բուռն ընտրությունների մեջ ենք: Մեզ ամեն կերպ փորձում են շեղել ընտրարշավից: Առանց այդ էլ բոլոր կուսակցությունների վզին բերել, փաթաթել են այս ընտրությունները: Ամեն կերպ փորձում են մեզ շեղել: Այս ընթացքում բոլոր փաստերը արձանագրվում են, քաղաքական որոշումները կայացվում են, իսկ մնացածը կարող է տեղի ունենալ ընտրություններից հետո»,- եղավ պատասխանը:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը երեկ Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ընտրություններից հետո բացել է տալու տարածքի բոլոր ընտրատեղամասերը՝ վերահաշվարկի համար։ Իր բոլոր վստահվածներին ցուցում է տրված հանգիստ հետեւել հատկապես ռեյտինգային թեկնածուների քվեաթերթիկների հաշվարկին, անաղմուկ ֆիքսել տվյալները, իսկ հետո, երբ կբացվեն տեղամասերը, ու կպարզվի, որ մեկ թեկնածուի թերթիկը դրվել է մյուսի թերթիկների մեջ, կհարուցվեն քրեական գործեր։


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջեւ։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որեւէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտեւի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։ «Բայց քանի որ առաջին անգամն ենք նման բաց բանավեճ անցկացնելու, մասնագետներն էլ գտնում են, որ 11 գործչի դեպքում հնարավոր է եւ ասելիքը երկար լինի, կփորձենք ավելի ճկուն լինել ու անհրաժեշտության դեպքում բանավեճին ֆորմատից ավել՝ եւս կես ժամ տրամադրել»։ Նախատեսվել է, որ դեբատը կվարեն Արմեն Դուլյանը եւ Քրիստինե Մելքոնյանը, ինչո՞ւ ոչ Պետրոս Ղազարյանը։ «Հաղորդումը կազմակերպելու, բանավեճը հնարավորինս սահուն կազմակերպելու համար թրեյնինգներ է անում հասարակական կազմակերպություններից մեկը․ նրանք մեզ խորհուրդ են տվել, որ բանավեճի մոդերատորները լինեն կին եւ տղամարդ»։ Դեբատի սկզբում 11 գործիչներն ասելու են իրենց ողջույնի խոսքը, մոդերատորների միջամտությունը քիչ է լինելու, մասնակիցները միմյանց հարցեր կտան, պատասխաններ կհնչեն, սկզբի համար մեկ-երկու՝ կոռուպցիայի, տնտեսության մասով հարցեր կլինեն։ Անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկե՞լ եք․ քարոզչական մթնոլորտն առանց այն էլ բավականին թեժ է, իսկ 11 մասնակցի դեպքում այն ընդհանրապես կարող է «հրդեհ» առաջացնել։ «Մենք ունենք անվտանգության հնարավորություն միայն մուտքի եւ ելքի համար, այլ հնարավորություններ չունենք, եւ ապա՝ չեմ կարծում, որ մեր քաղաքական գործիչների բանականությունը կհատի թույլատրելիության սահմանը, ցայս մեր տաղավարում կազմակերպված բանավեճերի ժամանակ կոռեկտությունը խստագույնս պահպանվել է»,- ասաց Մ․ Գրիգորյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե Մաշտոցի 47 հասցեի շենքը պատրաստվում են տրամադրել Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որպես առաջին տիկնոջ նստավայր։ Հիշեցնենք, որ Մաշտոցի 47-ում առայժմ տեղակայված է ՀՀ նախագահի նստավայրը։ Նախագահականի աշխատակցից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26։ Ասաց՝ երբ օրենքը կստորագրվի նախագահի կողմից, այն ուժի մեջ կմտնի, այն ժամանակ կխոսենք այդ մասին։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի ընտրվելուց առաջ այս շենքը, որը նախկինում կառավարության ընդունելությունների տունն էր, վերանորոգվել, վերապրոֆիլավորվել էր ՀՀ նախագահական նստավայրի, սակայն որպես նախագահի նստավայր՝ աշխատասենյակների քանակի եւ շենքի օպտիմալության առումով հարմար չէր։ Հիմա, ըստ էության, «ռակիրովկա» է տեղի ունենալու՝ Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի «մեկ սենյականոցից» տեղափոխվելու է Մաշտոցի 47։ Չնայած պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակում Արմավիր էր այցելել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախկինում, երբ երկրի առաջին դեմքն այցելում էր որևէ մարզկենտրոն կամ քաղաք, տեղական իշխանությունները երկրի ղեկավարին հավուր պատշաճի դիմավորելու համար մի մեքենա ասֆալտով փակում էին քաղաք մտնող ճանապարհի փոսերն ու ասֆալտի ճաքերը՝ ցույց տալու համար, թե որքան բարեկարգ են իր ղեկավարած երկրի ճանապարհները: Դա լինում էր երկրի ղեկավարի միակ օգուտը տվյալ քաղաքին, քանի որ գոնե որոշ ժամանակ այդ փոսերը չէին անհանգստացնում մարդկանց: Մինչդեռ երեկ Արմավիրի մարզպետն ու քաղաքապետը որոշել էին խնայողություն անել և Նիկոլ Փաշինյանի այցից առաջ այդ փոսերը լցրել էին ճամփեզրից վերցված ցեխով: Ինչպես ասում են՝ նոր Հայաստան, նոր տեխնոլոգիաներ»:


«Փաստ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Գ. Բաբայանը հայտարարագրել է «OPEL ASTRA 1.4», «VAZ 2115», «MERCEDES–BENZ C 180» մակնիշների երեք ավտոմեքենա: Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Տվյալներ չկան նաև պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած դրամական միջոցների, հանձնած փոխառությունների վերաբերյալ: 2018թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամտի չափը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ մինչ այս Գ. Բաբայանն աշխատել է մի շարք տպագրատներում: 2015թ. փետրվարից մինչև 2016թ.–ի սեպտեմբերն աշխատել է Ուրալի դաշնային համալսարանում (УрФУ)՝ որպես կրտսեր գիտաշխատող։ Գ. Բաբայանը 2016թ.–ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. հոկտեմբերին»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39531