ՌԴ-ի ռազմաբազան` ՀՀ-ի անվտանգության կարևորագույն տարր

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հերքում է ռուս զինծառայողի առնչությունը Գյումրիում կնոջ սպանությանը:


Դեսպանատունը հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, թե 102-րդ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը ծեծել է Գյումրու բնակչուհուն, որը մարմնական վնասվածքներից հետո տեղում մահացել է:


Պետք է նշել, որ ապատեղեկատվության տարածումն ու ռուսական 102-րդ ռազմաբազան վարկաբեկելու փորձը շատ վտանգավոր է, այն էլ այս նախընտրական փուլում:


ՌԴ-ի 102-րդ ռազմաբազան իրականացնում է հայ-թուրքական սահմանի վերահսկողությունը, պաշտպանում է ՀՀ արևմտյան սահմանները Թուրքիայի կողմից հնարավոր ներխուժումից, ինչը թույլ է տալիս Հայաստանին չպատերազմել երկու ճակատով` ադրբեջանական ու թուրքական և հիմնական ուժերը կենտրոնացնել հայ-ադրբեջանական սահմանին ու Արցախում:


Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ՀՀ ազգային անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է և վտանգավոր է չստուգված տեղեկություններ տարածելով փորձել ստվերել Մոսկվա-Երևան տանդեմի հարաբերությունները:


ԶԼՄ-ներում այդպիսի տեղեկությունների տարածումը ունի հստակ նպատակ` վարկաբեկել ռուսական զինվորականներին ու 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում ու ստեղծել այսպես կոչված հանրային պահանջ` դուրս բերելու այդ ռազմակայանը: 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Թուրքիայի ու Ադրբեջանի երազանքն է ու դա կանաչ լույս է լինելու նրանց համար` ՀՀ-ի ու Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու համար:


ՌԴ-ՀՀ դաշնակցային կապերը պետք է զերծ պահել որևէ սադրանքներից ու չփորձել խաղալ մարդկանց զգացմունքների ու էմոցիաների վրա: Պերմյակովի դեպքը լրիվ ուրիշ էր՝ ռուս զինվորականը Գյումրիում մի ամբողջ ընտանիք սպանեց: Դեպքը շատ ցավալի էր, ընտանիքասպանը կրում է իր պատիժը, և այդ օրերին բավականին սուր էր հակառուսական ալիքը ու օրակարգ էր բերվել ռուսական բազան ՀՀ-ից հեռացնելու հարցը: Սակայն այսօր այդ պահանջը փորձ է արվում նետել դաշտ արհեստականորեն, ապատեղեկատվությունների հիման վրա՝ դարձյալ խաղարկելով հանրության զգացմունքները:


ՌԴ-ի ռազմական ներկայությունը ՀՀ-ում հայկական պետականության անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավորությունն է, կարևոր գործոն` թուրք-ադրբեջանական տանդեմին զերծ պահելու ՀՀ-ի դեմ լայնամաշտաբ ռազմական ագրեսիա սկսելուց:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39490