Գահավիժումից հետո. տնտեսական ակտիվություն աճել է 3%-ով, արդյունաբերությունը՝ 8%

Այս տարվա հոկտեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)-ը աճել է 3 տոկոսով: Այսպիսի տվյալներ է երեկ հրապարակել ՀՀ ԱՎԾ-ն: Ցուցանիշներում ուշագրավ միտումներ են նկատվում:


Անցած տարվա հոկտեմբերի համեմատ արդյունաբերությունում 8.1 տոկոս աճ է գրանցվել այն դեպքում, երբ սեպտեմբերին այդ ցուցանիշը նույնիսկ 1 տոկոսի չէր հասնում: Ու հենց արդյունաբերության աճն է ամենաշատը նպաստել ՏԱՑ-ի աճին: Թե արդյունաբերության կոնկրետ որ ոլորտի շնորհիվ է գրանցվել այս աճը՝ պարզ կդառնա մոտ 10 օրից, երբ ԱՎԾ-ն հրապարակի ցուցանիշների ամբողջ բացվածքը:


Նկատենք, որ վերջին ամիսներին արդյունաբերությունում աճը գրանցվում է վերամշակող արդյունաբերության շնորհիվ եւ հանքարդյունաբերության ծավալների կտրուկ անկման պայմաններում, ինչը տնտեսության մեջ որակական փոփոխությունների դրական նախանշաններ են:


Նաեւ արտահանման ցուցանիշում տպավորիչ աճ է արձանագրվել: Անցած տարվա հոկտեմբերի համեմատ արտահանումը աճել է ավելի քան 12 տոկոսով: Սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ ՏԱՑ-ի 0.2 տոկոս անկում էր արձանագրվել, ինչը հոկտեմբերի համար հոռետեսական կանխատեսումների տեղիք էր տվել: Նշենք, որ գյուղատնտեսությունում հոկտեմբերին կրկին կտրուկ անկում է արձանագրվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39007