Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ մտադիր են լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով ծագած միջազգային սկանդալի ֆոնին թույլ չտալ, որ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը գահ բարձրանա, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ երեք աղբյուրի:
Աղբյուրների փոխանցմամբ՝ «տասնյակ արքայազններ» եւ թագավորական ընտանիքի այլ անդամներ ցանկանում են գահին տեսնել այլ ժառանգորդի, սակայն նրանք չեն գործի մինչ Սաուդյան Արաբիայի 82-ամյա թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ սաուդը ողջ է: Միապետի մերձավորների կարծիքով՝ թագավորը հազիվ թե դեմ լինի իր «սիրելի որդուն»:
Թագավորի մահից հետո, գործակալության տեղեկություններով, ընտանիքի անդամները ցանկանում են նրա տեղում տեսնել Ահմեդ իբն Աբդուլլահ Ազիզ իբն Սաուդին՝ թագավորի 76-ամյա կրտսեր եղբորը: Դրանից բացի, աղբյուրների տեղեկացմամբ, արքայազն Ահմեդին կաջակցեն նաեւ արեւմտյան տերությունները:
Աղբյուրները նաեւ հայտարարում են, որ ոչ ավելի, քան 2 շաբաթ առաջ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները սաուդցի խորհրդականներին հայտնել են, որ իրենք կսատարեն արքայազն Ահմեդ իբն Աբդուլլահին որպես թագավորի հավանական ժառանգորդի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38962