Թուրքիան ցանկանում է համալրել ԵՄ-ի միասնական բանակը

Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Վոլկան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ-ի անդամ դառնալուց հետո պատրաստ է ԵՄ-ի միասնական բանակը ապահովել 60.000 զինվորով: Թուրքիայում Չեխիայի դեսպան Պավել Կաֆկայի հետ հանդիպման ժամանակ Բոզքըրը նշել է, որ ԵՄ-ը մինչ այս պահը չունի սեփական բանակ և ներկայանում է ավելի շատ որպես փափուկ ուժ: Հայտնում է Lenta.ru կայքը:

Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, միշտ էլ փորձել է պահպանել անկախ գործելու իր քաղաքականությունը դաշինքի շրջանակներում: 2003թ.-ին Թուրքիան թույլ չտվեց ամերիկացիներին իր տարածքով ներխուժել Իրաք և երկրորդ ճակատը բացել Բաղդադի համար նաև հյուսիսից՝ դրանով ամրապնդելով իր հեղինակությունը մահմեդական աշխարհում և Մերձավոր Արևելքում: Սեփական գիծը ունենալու տրամաբանության շրջանակներում էլ Անկարան այսօր փորձում է նպաստել ԵՄ-ի միասնական բանակի ստեղծմանը և թուրքական գործոնի ուժեղացմանը Եվրոպայում: Ինչպես հայտնի է, Թուրքիայի զինված ուժերի թիվը գերազանցում է 700.000 –ը և թվաքանակով թուրքական բանակը ՆԱՏՕ-ում զիջում է միայն ԱՄՆ-ին:

Օրերս ԵՄ-ի հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը առաջարկել էր ԵՄ-ին ստեղծել սեփական բանակը: Նրա խոսքով, ընդհանուր եվրոպական բանակը ՌԴ-ին կհասկացնի, թե ինչ լուրջ է վերաբերվում Եվրոպան իր արժեքների պաշտպանությանը: Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ին, ապա Յունկերը կարծում է, որ ՆԱՏՕ-ն չի կարող լիարժեք ապահովել եվրոպական արժեքների պաշտպանությունը՝ ոչ բոլոր եվրոպական երկրներն են ՆԱՏՕ-ի անդամ:

Գերմանացիները արդեն հավանություն են տվել Եվրոպական հանձաժողովի նախագահի առաջարկին: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ միասնական բանակը՝ ԵՄ-ի ապագան է: Նա նշել է, որ այդ քայլը կուժեղացնի եվրոպական անվտանգությունն ու Եվրոպայի դիրքերը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, անդրադառնալով Յունկերի առաջարկությանը, նշել է, որ ԵՄ-ի բանակը չպետք է կրկնօրինակի ՆԱՏՕ-ի գործառույթները, այլ անհրաժեշտ է ապահովել փոխլրացում:

Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը ողջունել է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման գաղափարը և նշել, որ դա ցույց է տալիս Եվրոպայի միասնականությունը՝ իրենց արժեքները պաշպանելու համար: Բրյուսելից հնչող նոր գաղափարները՝ Արևմուտք-Ռուսաստան բավականին լարված հարաբերությունների և ուկրաինական ճգնաժամի առկայության պայմաններում անհանգստացրել են Մոսկվային: ՌԴ-ի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ Մոսկվան սպասում է ԵՄ-ի բացատրություններին կապված ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման հետ: Նրա խոսքով, եվրոպական քաղաքական գործիչները վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ անգամ շոշափել են այդ թեման:

Փորձագետների, մասնավորապես Բելգիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Լոդ Վանուստի կարծիքով ԵՄ-ի միասնական զինուժի ստեղծումը ուղղված է ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև ԱՄՆ-ի դեմ:
Վանուստը նշել է, որ ժողովրդավարության, տնտեսական զարգացման և այլ արժեքները չեն պաշտպանվում բանակի կողմից: Վանուստի խոսքով, ԵՄ-ը ցանկանում է ամրապնդել իր պաշտպանունակությունը, քանի որ թուլանում է տնտեսապես և այդ քայլով ցանկանում է ցույց տալ, որ նրանք հավասարվում են ԱՄՆ-ին:

ԵՄ-ում սակայն կան ուժեր, մասնավորապես Մեծ Բրիտանիան, որոնք բացասաբար են վերաբերվում ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման գաղափարին: 2013թ.-ին ԵՄ-ի միասնական բանակի գաղափարը արգելափալվել է Լոնդոնի կողմից: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ դա ճիշտ չէ՝ ԵՄ-ին անհրաժեշտ չեն զինված ուժեր, ռազմա-ծովային և ռազմա-օդային ուժեր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/387