Ռոբերտ Քոչարյանի մերձավորը գնել է Panorama.am-ի բաժնեմասի 49 տոկոսը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից Արմեն Թավադյանը, որը հուլիսին՝ Քոչարյանի կալանավորման օրերին, գնել էր «Արարատ» հեռուստաընկերությունը, ընդլայնում է ազդեցությունը մեդիա դաշտում, գրում է Սիվիլնեթը։


ՍիվիլՆեթը արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկացավ, որ Թավադյանը հոկտեմբերի 18-ին դարձել է «Պանորամա էյէմ» ՍՊԸ-ի 49 տոկոսի բաժնետերը։ «Պանորամա էյէմ»-ը լրատվական դաշտում տնօրինում էր լրատվական երկու կայք՝ Panorama.am-ը և Aysor.am-ը: Վերջինն այս տարվա օգոստոսին սկսել է հանդես գալ որպես առանձին իրավաբանական անձ։


«Պանորամա էյէմ»-ը, ըստ ռեգիստրի, հիմնադրվել է 2009թ․։ Հիմնադիրներն են եղել Մարինե Մանուկյանն ու Արա Սաղաթելյանը։ Վերջիններս մինչ այս տարվա հոկտեմբերը եղել են նաև ընկերության բաժնետերեր։ Հոկտեմբերին Մարինե Մանուկյանն իր բաժնեմասը (51 տոկոսը) հանձնել է Մարիամ Հախնազարյանին, իսկ ընկերության բաժնեմասի 49 տոկոսը Արա Սաղաթելյանը հանձնել է Արմեն Թավադյանին։


Արա Սաղաթելյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն է, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանի հորեղբայրը։ 2017թ․՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Սաղաթելյանը իր բաժնեմասը հայտարարագրել է։ Սաղաթելյանը Սիվիլնեթին փոխանցեց, որ լրատվականում իր բաժնեմասը Թավադյանին հանձնելը եղել է իր «անձնական որոշումը»։


Արմեն Թավադյանը 1993-2005թթ․ ղեկավարել է Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը։


Ռուսաստանաբնակ Թավադյանը 75 տոկոս բաժնեմաս ունի «Ալիս Ջուելրի» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը համարվում է «Արդշինբանկի» «Նուռ քարտ» կուտակային ծրագրի պատասխանատուն ու կազմակերպիչը։ «Նուռ քարտը» համարվում է «Ալիս Ջուելրի» ընկերության ապրանքանիշը։


Արմեն Թավադյանը հիմնադիր և բաժնետեր է «Բեստ քարդ» ՍՊԸ-ում։ Ինչպես «Ալիս Ջուելրի»-ն է «Նուռ քարտ» ծրագիրն իրականացնում, այնպես էլ «Բեստ քարդ» ընկերությունը «Ամերիկաբանկի» հետ իրականացնում է հետվճարային Ayo ծրագիրը։ Գործարարը բաժնեմասեր ունի նաև մի քանի այլ ռուսական ընկերություններում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38678