ԱՄՆ-ն վերականգնել է խիստ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ․ Իրանում սկսվել են բողոքի ցույցեր

Այսօրվանից՝ նոյեմբերի 5-ից, ուժի մեջ են մտնում Իրանի դեմ ԱՄՆ կոշտ պատժամիջոցները: Դրանք վերաբերվելու են Էներգետիկայի ու բանկային ոլորտներին: Իրանում սկսվել են մասսայական բողոքի ակցիաները՝ «Մահ Ամերիկային» վանկարկումներով։


Ինչպես հայտնում են միջազգային ԶԼՄ-ները, արգելափակվելու են Իրանի կառավարության, իրանական էներգաընկերությունների՝ Iranian Oil Company-ի եւ Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց եւ ընկերությունների ակտիվները:


Իրանի դեմ պատժամիջոցները կներառեն ավելի քան 600 ընկերությունների եւ ֆիզիկական անձանց, կտրուկ կսահմանափակվի նավթի արտահանումը:


Իրանի հետ միջուկային գործարքի մյուս մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Չինաստանը դեմ են արտահայտվում ԱՄՆ այս քաղաքականությանը: ԱՄՆ նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ պատժամիջոցները մտցվելու են այնպես, որ Իրանին սահմանակից բարեկամ երկրները չտուժեն:


Միեւնույն ժամանակ, նախագահ Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների հնարավորությունը:


Նոր պատժամիջոցները չեն ստիպի Իրանին կատարել Միացյալ Նահանգների պահանջները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Մերձավոր Արեւելքի գծով նախկին օգնականներից Ռոբերտ Մալլին:


«Նրանց պահանջած փոփոխություններն այնքան հիմնարար են, որ պատկերացնել դրանց ի կատար ածումը գործող ռեժիմի պայմաններում ուղղակի անհնարին է»,- ասել է Մալլին: Նա նաեւ նկատել է, որ այս ամենի հետ մեկտեղ Վաշինգտոնում ոչ ոք բացահայտ չի խոսում Իրանում ռեժիմի փոփոխության նպատակի մասին:


«Իմ ճանաչած մարդկանցից որեւէ մեկը չի կարծում, որ Իրանում նայելու են այդ ցուցակին ու մտածեն՝ «Վայ, սրանցից որ մեկը մենք կատարենք»,- եզրափակել է Մալլին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38344