Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը. Փաշինյանի պատասխանը Բոլթոնին

Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային, պետական շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը: Aysor-ի հաղորդմամբ,  Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խնդրանքով անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններին:

Պատգամավորը, մասնավորապես, ցանկանում էր պարզաբանում ստանալ վարչապետի թեկնածուից Բոլթոնի այն հայտարարության կապակցությամբ, թե ԱՄՆ-ն պատրաստվում է սեղմել Իրանի շուրջ օղակը, կիրառել պատժամիջոցներ: Նկատենք՝ Բոլթոնը նաև կարևորել էր Իրանի հետ կապված հարցերով Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև զրույցը: Պատգամավորը նաև վկայակոչեց ամերիկյան մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը պետք է սահմանափակի իր հարաբերությունները Իրանի հետ, եթե ցանկանում է հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ:

«Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրի շահերի, պատկերացումների հետ: Հայաստանի կառավարությունը ելել է, ելնում է և շարունակելու է հենվել Հայաստանի ազգային շահերի վրա: Որևէ մեկդ չկասկածի, որ մենք մեր բոլոր գործողությունները կառուցում ենք մեր ազգային պետական շահերի վրա՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում, բոլոր երկրների հետ հարաբերություններում ևս», - հայտարարեց Փաշինյանը՝ հորդորելով բոլորին այլ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները չվերագրել ՀՀ կառավարությանը:

Նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները առանձնահատուկ են և պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից:

«Այդ դիրքորոշումը շատ հստակ ձևակերպվել է նաև պարոն Բոլթոնի հետ հանդիպման ընթացքում: Ես կարծում եմ, որ Հայաստանի դիրքորոշումը ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչների համար եղել է պարզ, ընկալելի և նույնիսկ ընդունելի», - ընդգծեց Փաշինյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38215