Ջրի մաֆիա՞, թե՞ ստվերային այգիներ. գործադիրը փորձում է ախտորոշել ոռոգման համակարգի խնդիրը

Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարեւոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` նշելով, որ դրանք փաստացի ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր եւ, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։


«Եվ ահա ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ Սա իմ գրասենյակի եւ մի մասնավոր հետազոտողի համագործակցության արդյունքն է»,- գրել է նա:



Ըստ Ավինյանի` կապույտով նշված են այն հողերը, որոնք փաստացի ոռոգվում են, իսկ սեւ շտրիխներով` այն հողերը, որոնց համար ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր։


«Այս աշխատանքի արդյունքում «ստվերային այգիները» կբացահայտվեն եւ կստանան համապատասխան գրանցում, ինչի արդյունքում կստանանք ոռոգվող հողատարածքների իրական պատկերը»,- վստահեցրել է Ավինյանը։


Նա ընդգծել է, որ համապատասխան գերատեսչությունները պետք է սկսեն էլ ավելի ինտենսիվ կիրառել նորագույն տեխնոլոգիաները նման ուսումնասիրություններում, եւ այսպիսի խնդիրները պետք է րոպեների ընթացքում բացահայտված լինեն։


Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին Սևանի ջրառի հարցի քննարկման ժամանակ ոռոգման ջրի սակավության հարցը դիտարկեց “ջրային մաֆիայի գոյության” համատեքստում:


«Ոռոգման համակարգի գործունեությունն այսօր բազմաթիվ հարցեր է առաջացնում և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանը ստանանք ու ոռոգման համակարգում գնանք լրջագույն, այդ թվում՝ կազմակերպչական բնույթի լուծումների, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում սիրում են շրջանառել, ջրային մաֆիայի գոյությունը», - նշեց Փաշինյանը:


Վարչապետն հայտարարեց, որ եթե այդպիսի մաֆիա գոյություն ունի, այն շատ արագ պետք է կապիտուլացիայի ենթարկվի։


Այդ հայտարարությունից հետո ջրային մաֆիայի գոյությունը հաստատող կամ դրա կապիտուլյացիայի մասին փաստող որեւէ փաստ չհրապարակվեց: Այժմ արդեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ոռոգման ջրի կառավարման ոլորտում այլ խնդիր է մատնանշում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38119