Չափազանց կարևոր է Հայաստանում ռազմական էլիտա ձևավորելը. Դավիթ Տոնոյան

Չափազանց կարևոր է Հայաստանում ռազմական էլիտա ձևավորելը, որը հնարավոր է միայն ազգային, անկախ ռազմակրթական հիմնարար միջավայր ստեղծելով։ Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Դավիթ Տոնոյանի ձևակերպմամբ, հենց այդ ազգային սուվերենության շնորհիվ կայացած ռազմական էլիտան կարող է պահել և պաշտպանել ազգային ինքնությունն ու հայրենիքի անվտանգությունը։ Ազգային ռազմական Էլիտան սուվերենության մենաշնորհն է, իսկ էլիտան սուվերենության երաշխավորը, ասել է նա։


Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմին է ներկայացրել համալսարանի նորանշանակ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանին։


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանին և ընդգծել նրա ներդրումը բանակաշինության գործում, պաշտպանական ազգային հետազոտական համալարանի հիմնադրման և զարգացման ընթացքում։


Ներկայացնելով համալսարանի նորանշանակ պետին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ Գենադի Տավարածյանը պրոֆեսիոնալ, մարտական ուղի կերտած և զինված ուժերի համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած զինվորական է։


Իր խոսքում Դավիթ Տոնոյանը համալսարանի անձնակազմի առաջիկա գործունեության մի շարք առաջնահերթություններ և առանցքային կարևորություն ներկայացնող ուղղություններ է սահմանել` ռազմական գիտության զարգացում, հետազոտությունների արդյունավետության բարձրացում, համալսարանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի միջև կապի ամրապնդում, ուսումնական ձեռնարկների մշակման շարունակականության ապահովում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38100