Բոլթոնի մեսիջները. ԱՄՆ-ն ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից

ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան և Երևանում հնչեցրած մեսիջները վտանգավոր են հայկական պետության ազգային անվտանգության և հայ-ռուսական հարաբերությունների համար:


Բոլթոնը Երևանին հասկացրեց, որ հայկական կողմը կարող է սկսել գնել ամերիկյան արտադրության զենքեր: Այդպիսի առաջարկություն մինչ այդ Բոլթոնն արել էր Բաքվին.ամերիկյան կողմը Հարավային Կովկասում ցանկանում է նվազեցնել ռուսական ազդեցության բոլոր լծակները, այդ թվում հարվածել Մոսկվայի ռազմա-տեխնիկական համագործակցությանը Երևանի ու Բաքվի հետ:


Ադրբեջանն, ինչպես հայտնի է, ռուսական զենքերի խոշոր գնորդներից է: Ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը կարևոր է Բաքվի համար: Սակայն ադրբեջանական կողմը ձգտում է դիվերսիֆիկացնել իր ռազմա-տեխնիկական համագործակցությունը` ռազմական կապեր հաստատելով Թուրքիայի, Իսրայելի, Ուկրաինայի, Բելառուսի, Պակիստանի և այլ երկրների հետ: Վաշինգտոնը փորձում է օգտվել հենց այս Բաքվի տրամաբանությունից:


Ինչ վերաբերվում է ՀՀ-ին, ապա realpolitik-ից ելնելով՝ Երևանն ունի ռազմական մեծ կախվածություն ՌԴ-ից` հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները հսկում ու պաշտպանում են ռուսական զորքերը, Գյումրիում է տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ ՀՀ զինված ուժերի համար նախատեսված զենքերն Երևանը գնում է ՌԴ-ից ներքին շուկայական գներով ու անգամ ռուսական վարկով: ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է և օգտվում է այդ արտոնյալ պայմաններից:


ՀՀ-ի զինված ուժերի ամբողջ լոգիստիկան, այդ թվում զենքերի տեխնիկական սպասարկումը, կապակցված է ՌԴ-ի ու ռուսական ռազմական արդյունաբերության հետ: Բոլթոնի հայտարարությունն ավելի շատ ուղղված էր հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա մակարդակն ու որակը զոնդաժի ենթարկելուն, քանի որ ամերիկյան զենք գնելու համար ՀՀ-ն, նախ, պետք է ունենա մեծ ֆինանսական հնարավորություններ՝ ավելացնի ռազմական բյուջեն, հրավիրի ամերիկյան մասնագետների` զենքերի սպասարկման և հայ զինվորականների պատրաստման համար:


ՌԴ-ն դա կդիտի որպես ոչ բարեկամական քայլ` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, այդ թվում՝ Ադրբեջանին նորագույն զենքերի վաճառքի և ղարաբաղյան հակամարտության մասով իր հավասարակշիռ դիրքորոշման փոփոխության տեսքով:


Բոլթոնի հայտարարությունը պետք է դիտարկել, որպես ՌԴ-ԱՄՆ proxy war-ի էլեմենտներից մեկը Հարավային Կովկասում: ԱՄՆ-ն ցանկանում է դուրս մղել Մոսկվային ռուսական կողմի համար կենսական շահերի տարածք համարվող Հարավային Կովկասի ու Կասպյան տարածաշրջանից` Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ էներգետիկ-տրանսպորտային, ռազմա-քաղաքական կոալիցիայի տարածքն ու լոգիստիկան օգտագործելով:


ՀՀ-ն պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ proxy war-ի մասնակիցը դառնալուց ու շարունակի ամրապնդել ՌԴ-ի հետ ռազմական դաշինքը, քանի որ դա է թելադրում ՀՀ-ի աշխարհաքաղաքական դիրքը, առկա ռազմական ու ֆինանսական ներուժն ու պատմական անցյալը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38080