Գերմանիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Գերմանիայի անվտանգության ծառայություններին հաջողվել է խոշոր ահաբեկչություն կանխել, որը ծրագրել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները, հայտնում են Süddeutsche Zeitung և Die Zeit թերթերը:

Ահաբեկչական հարձակման իրականացման համար Գերմանիայի տարածք պետք է մտներ գրոհայինների երեք առանձին խումբ: Նրանց թիրախում կարող էր հայտնվել երկրում անցկացվող երաժշտական փառատոներից մեկը:

Գերմանիայի դաշնային դատախազությունը հաստատել է ահաբեկչական ծրագրերի առկայության մասին տեղեկությունը: Իրավապահներն ահաբեկիչներին հետևել են բավականին երկար ժամանակ:

Ըստ գլխավոր դատախազ Փեթեր Ֆրանկի՝ առկա տվյալների հիման վրա իրենց հաջողվել է քրեական գործ հարուցել 2016 թվականի հոկտեմբերին: Նրա խոսքով՝ ստացված ահազանգերը հստակ էին ու վստահելի: Պոտենցիալ ահաբեկիչներից ոմանք, սակայն, մինչ օրս գտնվում են հետախուզման մեջ:

Նշվում է, որ ահաբեկչության պլանավորան և իրականացման մեջ առանցքային դեր է խաղացել ամուսնական զույգ, որը 2015-ին մեկնել է Սիրիա ու անդամակցել ԻՊ-ին:

Սիրիական Ռաքքայում իսլամ ընդունած գերմանուհին փորձել է Գերմանիայի հյուսիսում գտնել կանանց, որոնք կամուսնանային պոտենցիալ ահաբեկիչների հետ՝ այդպիսով հարթելով նրանց մուտքը Գերմանիա: Մինչդեռ այդ կանանցից մեկը Սահմանադրության պահպանման գծով դաշնային գերատեսչության աշխատակից է եղել:

Ահաբեկիչների ծրագրերը խախտվել են ոչ միայն իրավապահների գործողությունների, այլև հենց ԻՊ-ի թուլացման ու կազմալուծման հետևանքով:

Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ տվյալ ամուսնական զույգը գտնվում է Սիրիայի հյուսիսում, որտեղ նրանց ազատազրկել են քուրդ զինյալները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37611