Ներքաղաքական անորոշությունը կհանգուցալուծի նոր գործունակ և լեգիտիմ իշխանությունը. Մելիքյան

Ներքաղաքական զարգացումների շուրջ VERELQ-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

-Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարո՞ղ է անկանխատեսելի իրավիճակ ստեղծել, թե քաղաքական ուժերի պայմանավորվածությունները կպահպանվեն:

- Ես չեմ կարծում, որ այդ հրաժարականից հետո իրավիճակը Հայաստանում կապակայունանա՝ անգամ հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակելու է աշխատել որպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար: Այսինքն, այդ հրաժարականով կառավարման համակարգի աշխատանքը կշարունակի մնալ իր լիակատար վերահսկողության տակ: Այդուհանդերձ, բոլոր դեպքերում, չենք կարող բացառել «նախկինների» այս կամ այն խմբավորման կողմից ռևանշի հասնելու փորձ անելու հավանականությունը և այդ համատեքստում պատշաճ զգոությունն անհրաժեշտ է պահպանել:

-Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում խորհրդարանական ընտրություններից: Այն, որ Փաշինյանի ուժը կլինի մեծամասնություն, կասկած չկա, բայց այլ ի՞նչ ուժեր եք տեսնում ապագա ԱԺ-ում:

-Այս առումով շատ բան է կախված լինելու նրանից, թե ընտրական օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխություններն արդյոք կընդունվեն խորհրդարանի կողմից և եթե այո, ապա ինչ վերջնական տեսք կունենան: Եթե անցողիկ շեմը նվազեցվի, ապա բացի պարոն Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ից խորհրդարանում կարող են տեղ գրավել «Լուսավոր Հայաստան»-«Հանրապետություն» դաշինքը, ԲՀԿ-ն, «Սասնա Ծռեր» կուսակցությունը և, անգամ, ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը` գուցե հինգ կամ վեց պատգամավոր ունենան յուրաքանչյուրը: Կարծում եմ, որ նաև «Օրինաց երկիրը» ջանքեր կգործադրի խորհրդարանում իր ներկայությունը վերականգնելու համար: Չեմ բացառում, որ կարող են նաև անակնկալներ լինել ու այս պահին քաղաքական հավակնություններով աչքի չընկնող մի որևէ կուսակցության դրոշի տակ կհավաքվի քաղաքական գործիչների ու մասնագետների լուրջ թիմ, որը կշահի ընտրողների վստահությունն ու կկարողանա տեղ գրավել խորհրդարանում:

-Հեղափոխությունից հետո Հայաստանը, գրեթե բոլոր առումներով, «պաուզայի» վրա է՝ տնտեսություն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց, արտաքին գործընկերները չեն կողմնորոշվում, թե ինչ է կատարվում երկրում: Ինչո՞վ է նման իրավիճակը վտանգավոր երկրի համար:

-Հայաստանում առկա ներքաղաքական անորոշությունը պետք է հանգուցալուծվի նոր գործունակ և լեգիտիմ իշխանության ձևավորմամբ ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կլուծի այս խնդիրը: Ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե ինչպիսին կլինի ուժերի նոր դասավորվածությունը Հայաստանում, ինչը թույլ կտա մեր գործընկերներին կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ ոլորտներում է հնարավոր լինելու շահավետ երկարաժամկետ համագործակցությունը մեր երկրի հետ:

-Դուք արդեն հորդորել եք Փաշինյանին հեռացնել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Նախօրեին նա Սյունիքի մարզպետ նշանակեց Հունան Պողոսյանին. երկուսն էլ հայտնի են իրենց գործողություններով նախկին իշխանությունների օրոք: Ի՞նչ է այս մարտավարությունը նշանակում և արդյոք սպասելի է, որ ընտրություններից հետո կադրային քաղաքականությունը կփոխվի:

-Իսկապես, ես պնդում եմ, որ ՀՀ ԿԸՀ գործող կազմը գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է հրաժարական տա կամ ցրվի: Այս ընտրություններն այդ մարդկանց միջոցով չպետք է ասոցացվեն նախկինում կեղծվածների հետ: Իսկ կադրային քաղաքականությունը պետք է հիմնված լինի շատ հստակ սկզբունքների վրա, որոնք թույլ կտան ՀՀ կառավարման համակարգի առնվազն վերին ու միջին օղակներում պաշտոնների նշանակել ոչ թե հին կաշառակերների կամ անհրաժեշտ մասնագիտական փորձն ու հմտությունները չունեցող երիտհեղափոխականների, այլ կոռուպցիոն գործողություններում երբևե չներգրավված, կայացած մասնագետների:

- Պարոն Մելիքյան, ղարաբաղյան ֆրոնտում ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Այստեղ ևս լուրջ մասնագիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությունը կա: Նախ, պետք է նախապատրաստվեն պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի նոր բանակցային պլատֆորմներն, ապա դրանք կյանքի կոչելու ուղղությամբ գործողությունների ծրագիրը պետք է գործի դրվի: Դա հսկայական աշխատանք է նախատեսում: Շուտով կտեսնենք, թե արդյոք մեր ազգային իշխանական վերնախավն ընդունակ կլինի կազմակերպել այդ աշխատանքը:


Լիա Խոջոյան


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37559