Հայտնի է, թե ինչ տեղ է գրավում Հայաստանը ֆրանսիացիների սրտում. Մակրոն

Երևանում այսօր մի մեծ ընտանիք է հավաքվել, ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: Այս մասին Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:


Նա նշեց, որ հայտնի է, թե ինչ տեղ է գրավում Հայաստանը ֆրանսիացիների սրտում: «Ամենուր ձեր անունը հնչեցնելիս շատ նուրբ զգացում է առաջանում: Հայաստանի անունը կապվում է ազգերի արհավիրքների հետ, որոնք հիշեցնում են դեմքեր, որոնք Ֆրանսիայում կարևոր դերեր են զբաղեցրել, ովքեր անսահմանորեն սիրում են Ֆրանսիան, և Ֆրանսիան բացել է իր սրտերն այդ մարդկանց համար»,- ասաց նա:


Մակրոնի խոսքով, Հայաստանի համար Ֆրանսիան և Ֆրանկոֆոնիան խորհրդանշում են նաև մեկ ձայն. այդպես նա հիշատակեց լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին:


«Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին և չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև Աստծուն չեն հավատում, ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար: Մենք ունեցել ենք նաև վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Բայց այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը: Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր տեսլականը պարբերաբար վերաիմաստավորվում և թարմացվում է: Եղբայրությունը, խաղաղությունը արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»,- նշեց Մակրոնը:


Ֆրանսիայի նախագահը նաև ասաց, որ երևանյան գագաթնաժողովը կազմակերպվել է մի պահի, երբ տեսանելի են աշխարհում տեղի ունեցող հսկայական փոփոխություններ.


«Աշխարհն այսօր լի է ստով, ատելության քարոզչությամբ, այն կանոնները, որոնց շուրջ վերջին տասնամյակներին կարողացել են համախմբվել, այլևս չեն գործում: Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Մենք պետք է ստեղծելնք բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ, Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափությունը: Բայց երբեք Ֆրանկոֆոնիան չպետք է լինի մի հարթակ, որտեղ հնչում են դատարկ խոսքեր, քանզի սա արժեքների հարթակ է, որոնց շուրջ բոլորս միավորվել ենք»,- հավելեց իր խոսքը Մակրոնը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37270