ԵԽԽՎ-ում Ադրբեջանը դեմ է քվեարկել բանաձեւ դարձած հակահայկական նախաձեռնությանը․ ինչո՞ւ

Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձեւ, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը: Նման վերտառությամբ գրառում է արել Facebook-ի իր էջում ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննսիյանը։


«Հարգելի գործընկերներ,


Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեի ներկայացրած «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը։


Ինչպես մեկ ամիս առաջ խոստացել էի, հիմա բացում եմ բանաձեւի վերաբերյալ փակագծերը։ Բանաձեւի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից` գորշ, սև, սպիտակ, թե կարմիր գոտում է գտնվում այդ մարդը:


Ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձեւակեպումներ, այլ հակառակը` պարունակում է ձևակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում և թերևս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձևին։ Ընդ որում, հենց երեկ հանձնաժողովի նիստում ներկայացվել էին փոփոխություններ, որոնք ուղղված էին բարենպաստ ձևակերպումների վերացմանը կամ չեզոքացմանը: Ապարդյուն:


Ադրբեջանցիների ագրեսիվ, բայց անզոր հռետորաբանությանն էլ դահլիճում արժանի պատասխան տվեցին պատվիրակության անդամները։


Թերևս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Բնականաբար և բացառապես միայն Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը։ ԵԽԽՎ-ում Հայաստանը ես ու գործընկերներս միշտ ներկայացրել ենք պետական եւ ազգային շահի գիտակցումով։ Մինչ այս պահը դժվարությամբ լռում էի, քանզի գիտակցում էի` այս թեմայով որևէ անզգույշ հայտարարություն կամ շահարկում, ի պատասխան անգամ հանիրավի մեղադրանքի կամ հայտարարության, կարող էր վիժեցնել ամիսների ջանքերը եւ խթան դառնալ` հակահայկական հռետորաբանությունից անցում կատարել դեպի կոնկրետ գործողություններ, որոնք իրականում կարող էին արդյունք տալ։


Հ.Գ. Ի դեպ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի իմ մեկուկես տարվա գործունեության ընթացքում սա թվով յոթերորդ զեկույցն էր, որում ոչ միայն չհայտնվեցին ակնկալվող հակահայկական ձևակերպումները այլեւ ներառվեցին բարենպաստ ձևակերպումներ: Տեղեկատվություն այդ մասին մանրամասն ներկայացրել եմ, լրացուցիչ հարցադրումներ լինելու դեպքում սիրով կտրամադրեմ դետալներ: Պատիվ ունեմ ծառայելու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ», - գրառել է Հովհաննիսյանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37257