Ներդրումները 11 անգամ նվազել են, վարկերը՝ աճել. Բագրատյանն «ընդհատում է» Փաշինյանի թռիչքը

Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը սխալ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆինանսական հատվածում տվյալների ներկայացման հիման վրա արված «թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար» պնդումը:


Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդները աճել են 9.2 տոկոսով»:


Այստեղ սխալ է ամեն ինչ, պնդում է Բագրատյանն ու հավելում. «Նախ, նման բաներ ասում էր հաճախ նաև Սերժ Սարգսյանը։ Մի քանի անգամ հակադարձեցինք՝ էլ չկրկնեց»։


«Երկրորդ։ Պարտավոր էր նշել մայիս-սեպտեմբերը համեմատել է նախորդ տարվա մայիս-սեպտեմբերին, նախորդ դեկտեմբեր-ապրիլին թե լոկ ապրիլի հետ։ Չ՞է որ սեզոնային գործոն կա։ Դա սխալ համեմատություն է», - գրում է իր Facebook-ի էջում նախկին վարչապետ Բագրատյանը::


«Երրորդ։ Սկսենք ավանդներից։ Հաշվարկի 3 ձև կա՝ դրամով, դոլարով և/կամ եվրոյով։ Դրամով։ Ճիշտ մեթոդաբանությունն է՝ ընթացիկ ժամանակաշրջանում նախորդ շրջանի համեմատ՝ ավանդները բազմապատկած տվյալ արժույթով ավանդի տոկոս բազմապատկած տնտեսական աճի տոկոս։ Այսպիսով՝ որպեսզի ՀՀ-ում ավանդները հարաբերականորեն չպակասեին նրանք պետք է աճած լինեին 9.5+7.7=17.2%։ Այստեղ չնչին անճշտություն կա՝ 7.7-ը ութամսյա տնտեսական աճն է (9-ամսվա տնտեսական աճը հրապարակված չէ)։ Նույնը հաշվում ենք դոլարով և/կամ եվրոյով։


Մյուսը, ակտիվները աճել են 7%-ով։ Պիտի լիներ՝ 17.2% + բանկային սպրեդի% (վարկի տոկոսի և ավանդի տոկոսի տարբերություն)։ Այսինքն՝ մոտ 20%», - նշում է նա։


«Չորրորդ, վարչապետի իրավասության մեջ ԿԲ-ն չի մտնում։ Ուրեմն թող ինքն էլ այդ թվերը հայտարարի։ ԿԲ-ից էլ թիվ պետք չէ վերցնել՝ դրանք միշտ ստում են։


Հինգերորդ։ Վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը։ 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ։ Աաջինն էլ մի բան չէր։ Հիմա, ներդրումների իսպառ բացակայության պայմաններում աճում է պահանջարկը վարկի նկատմամբ։ Իսկ այստեղ ոչ մի լավ բան չկա», - եզրակացնում է Բագրատյանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37196