Սա համամարդկային կորուստ է․ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրի մահվան մասին

Շառլ Ազնավուրի մահը սգալի օր է Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ մեծ շանսոնիեի մահվան կապակցությամբ իր հետևորդներին դիմելով։


Ավելի վաղ հայտնել էինք, որ 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:


«Ես ուզում եմ պարզապես իմ հայ ժողովրդի ու ՀՀ անունից վշտակցությունը հայտնել մեզ բոլորիս։ Ընդհանրապես ցավակցել հայ ժողովրդին, ցավակցել Ֆրանսայի ժողովրդին, Ազնավուրի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին, նրա արվեստի սիրահարներին», - նշել է նա։


Փաշինյանը նշել է, որ Ազնավուրը կերտել է դարաշրջանի պատմությունը, անմնացորդ ծառայել է հայ և ֆրանսիացի ժողովուրդներին ու 100-միլիոնավոր մարդկանց սրտեր ջերմացրել։


«Սա համամարդկային կորուստ է։ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև վերազգային, համամարդկային արժեքներ։ Ու դրանք դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությունը դեպի սեր, համերաշխություն, կբարձրացնեն մարդկությունը, կջերմացնեն նրանց հոգիները և մարդկանց կմղեն դեպի առաքելություն», - շեշտել է ՀՀ վարչապետը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36753