Կա ինստիտուցիոնալ խառնաշփոթ․ ինչո՞ւ է պետք անցկացնել արտահերթ ԱԺ ընտրություններ

Կա խորհրդարան՝ ներկայացուցչական մարմին, որը գրեթե ոչ մեկի չի ներկայացնում, և կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը։ Կա խորհրդարանի լիազորությունների ժամկետի կրճատման հստակ հասարակական պահանջարկ։


Այս մասին իր Facebook-ի էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցնակցելու անհրաժեշտությունը։


Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակն ընկալվեց որպես թավշյա հեղափոխության շարունակություն և վստահության քվե ու հանրային մանդատ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելու համար:


Քաղաքական դաշտի առաջիկա զարգացումները, կարծես, ուրվագծվում են հենց այդ տրամաբանության ներքո: Այդ օրերին ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր, որ Հայաստան վերադառնալուն պես պատրաստվում է բանակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։


Խորհրդարանում ներկայացված գերթե բոլոր քաղաքական ուժերն այս կամ այն կերպ իրենց հայտարարություններում կողմ արտահայտվեցին արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին: Բացառություն էր գործող ԱԺ-ում ամենամեծ ներկայացվածությունն ունեցող Հայաստանի հանրապետական կուսակցությունը:


ՀՀԿ-ում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության տոկոսը դիտարկում են ոչ թե որպես վստահության հանրաքվե, այլ զուտ ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշ՝ ընդունելով դրա արդյունքները:


Արարատ Միրզոյանի խոսքով, այժմ կա ինստիտուցիոնալ խառնաշփոթ։ «Օրինակ՝ անհասկանալի է, թե ԱԺ-ում կա՞ կայուն մեծամասնություն, ինչպես դա պահանջում է Սահմանադրությունը, թե՞ ոչ։ Եթե կա, և դա ՀՀԿ-ն չի, ապա ինչու՞ է ԱԺ ղեկավար կազմը, ինչպես նաև հանձնաժողովների նախագահների բաշխվածությունը մնում նույնը», - նշել է նա։


Այս իրավիճակը, նրա խոսքով, խիստ անբարենպաստ է Հայաստանի անվտանգության, ինչպես նաև տնտեսական զարգացման տեսանկյունից։ «Քաղաքական, խորհրդարանական, սահմանադրական հետագա ճգնաժամից խուսափելու միակ ճանապարհը շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են՝ մի բան, որն, ի դեպ, շատ հստակ ձևակերպված է կառավարության ծրագրում և հաստատված է ԱԺ-ի կողմից», - նշել է նա։


Արտահերթ ընտրություններ, վստահ է նա, կարող են անցկացվել ինչպես սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ մի քանի այլ տարբերակներով։ Նրա մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն կարծես թե փորձում է բանակցությունների իմիտացիա անել և հնարավորինս երկարաձգել գործող ԱԺ-ի լիազորությունների ժամկետը։


«Մենք կարծում ենք, որ ՀՀԿ-ն պետք է շանս ունենա՝ մասնակցելու այս գործընթացին, բայց եթե իրենք որոշեն խոչընդոտեն դրան, մենք կարող ենք և հասնել հասարակության կոնսենսուսին առանց իրենց», - եզրափակել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36746