Մամուլ. Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին երկրից դուրս է հանել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ավելի ուշ պարզվեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, քանի որ, ըստ պաշտոնյայի, իր և իր ընտանիքի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է: Իրականում, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս է Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին երկրից դուրս է հանել՝ չեզոքացնելու համար նրանց սպառնացող վտանգը։ Պաշտոնյան նաև նեղ շրջապատում դժգոհել է, որ շատ դժվար գործ է ստանձնել, ինչը կարող է իր և իր մերձավորներին լուրջ գլխացավանք պատճառել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը բավական մեծ աղմուկ հանեց. այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցված: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ բարձրաստիճան այս երկու պաշտոնյաների հեռախոսազրույցը ներկայացվել է մոնտաժված. հրապարակայնացնող կողմը ներկայացրել է միայն այն մասերը, որ իրենց է ձեռնտու: Իսկ իրականում նրանք բավական երկար են խոսել` մոտ 20 րոպե: Ավելին` ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը քննակել են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: Ընդ որում` ԱԱԾ տնօրենը խորհուրդ է տվել կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել փաստերը, հիմնավորվածությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո հայտարարեց ակտիվ քաղաքականություն մտնելու մասին, սկսել է հանդիպումներ անցկացնել: Նպատակը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ միավորում ձեւավորելն է: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Քոչարյանը հիմնականում հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ: Քոչարյանն այս ընթացքում ընդունել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, «Համաձայնություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ կուսակցությունների ղեկավարները չեն հերքել Քոչարյանի հետ հանդիպման փաստը: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն էլ ասել է, որ եթե Քոչարյանն ատիվ քաղաքականության մեջ մտնի եւ այնպիսի խնդիրներ առաջադրի, որը իրենց ծրագրին մոտ է, գուցե համագործակցություն սկսեն»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում սկսված դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվելու է։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով համարվում է Քոչարյանի կադրը։ Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը։ Նշենք, որ արդեն հետ են կանչվել Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանը, ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ Երեկ էլ ԱԳ փոխնախարարը հաստատել է, որ Վատիկանից հետ կկանչվի նաև Սերժ Սարգսյանի դեսպան փեսան՝ Միքայել Մինասյանը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամկետները դեռ անորոշ են. այն հավանաբար տեղի կունենա 2019 թվականին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի վաղ, սակայն, ՌԴ նախագահի` Հայաստան այցի ժամկետ էր շրջանառվում տարեվերջը: Բացի այդ, ՌԴ նախագահը կարճատեւ այցով երեկ Ադրբեջանում էր, որից հետո նա մեկնել է Դուշանբե մասնակցելու ԱՊՀ ղեկավարների հավաքին: Ի դեպ, Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպի այդ այցի շրջանակներում: Իսկ մինչ այդ ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ՌԴ նախագահը սկզբում ծրագրել էր այցելել Ադրբեջան սեպտեմբերի 28-ին, ապա այցը տեղափոխվել էր 25-ին: «Ծրագրվում էր, որ սեպտեմբերի 26-ից հետո Պուտինը կգա նաեւ Երեւան, որպեսզի հանդիպի Փաշինյանին: Սակայն, ինչպես հայտնի է, Փաշինյանը մեկնել է ԱՄՆ: Հայկական կողմն առաջարկել է հանդիպումը տեղափոխել դեկտեմբերին: Թե ռուսական կողմն ինչ է պատասխանել, եւ ինչու են ժամկետները կրկին փոխվել, ես չեմ կարող ասել»,- ասել է նա:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից: Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առաջացնելու նպատակով: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին և հիմնավոր չի համարում հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: Այս ուժերը փորձում են որքան հնարավոր է հետաձգել ընտրությունների անցկացումը, որպեսզի այդ ժամանակն օգտագործվի իշխանությանը հեղինակազրկելու համար: Իշխանությունն էլ պետք է ազատվի նման պաշտոնյաներից՝ հետագա սաբոտաժը բացառելու համար»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատակամ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, կարծես թե հստակ է: Այդ մասին նա մեկ անգամ ևս հայտարարեց Նյու Յորքից՝ հետընտրական իր ուղերձում: Հստակ է նաև, որ դրան կողմ են շատերը, գուցե բացառությամբ ՀՀԿ–ի: Խնդիրը ժամկետներն են: Վարչապետի հայտարարությանը հաջորդեցին մասնավորաբար ՔՊ–ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի հապճեպ հայտարարությունները՝ այդ ընտրությունները մինչև տարեվերջ անցկացնելու մասին: Իհարկե, դժվար թե նրանք միասին նման հայտարարություն անեին առանց Փաշինյանի իմացության: Սակայն դժվար է ասել՝ դա արված էր ոգևորության ազդեցության ներքո՞, թե՞ առկա տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով: Իրականում, մեր տեղեկություններով, իշխանությունների հետ աշխատող մի շարք իրավաբաններ ուղղակի ցնցվել են այս հայտարարություններից: Նրանք որևէ կերպ չեն պատկերացնում այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է այսքան կարճ ժամկետում ընտրություններ անցկացնել: Հարցն այն է, որ սահմանադրական առկա նորմերով գնալը վտանգավոր է, իսկ այլ ուղիներ գտնելու և իրագործելու համար (այդ թվում՝ հանրաքվեի) ժամանակ է պետք: Մեր աղբյուրի պնդմամբ, իրավաբանների անհանգստությունն այն է նաև, որ ստիպված պիտի լինեն քաղաքական որոշումներին իրավական փաթեթավորում տալ: Իսկ թե ինչպես, առայժմ պարզ չէ:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը։ Այն այսօր կընդունվի վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսքով, երկուշաբթի հայեցակարգը կներկայացվի նախ հանրության դատին, ապա երկշաբաթյա ժամկետում կամբողջացվի եւ կուղարկվի ԱԺ, զուգահեռ՝ Վենետիկի հանձնաժողով։ Նրա վստահեցմամբ, առաջիկա ամսում կունենանք նոր ԸՕ․ «Առաջիկա օրերին նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ են Հայաստան գալու, եւ կարծում եմ, որ նախագիծը կազմելիս կօգտվենք նաեւ իրենց խորհրդատվությունից»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետության նախկին ղեկավարների տիկինները տարբեր սովորույթներ ունեին։ Բելլա Քոչարյանը բոլոր այց-հրավերների ժամանակ ուղեկցում էր ամուսնուն։ Ուներ մեկ օգնական եւ անվտանգության մեկ աշխատակից, այն էլ կին՝ Զոյան, ով այսօր էլ համակարգում է։ Ռիտա Սարգսյանը փակ տարածքներ չէր սիրում եւ երկու ժամից ավելի չէր մնում օդում․ նա ամուսնուն ուղեկցում էր միայն կարճատեւ այցերի ժամանակ՝ Սիրիա, Կիպրոս։ Տկն Ռիտան եւս ուներ մեկ օգնական, անվտանգության մեկ աշխատակից։ Բելլա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանը արտերկիր այցելելիս վարսավիրներ, ոճաբաններ չէին տանում իրենց հետ՝ այցից առաջ գնում հարդարվում էին ու մեկնում։ Հիմա էլ, ասում են, Ռիտա Սարգսյանը հաճախ է վարսավիրանոց գնում եւ կազմ-պատրաստ, կառավարական ամառանոցում սպասում է, որ եթե հանկարծ «Վանեցյանի հիմնարկից այցելեն կամ հրավիրեն», տեսքը տեղը լինի»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36631