Հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 տոկոսով

2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7.7 տոկոս:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.4 տոկոսով, շինարարության ծավալը՝ 8.5, առևտրի շրջանառության ծավալը՝ 9.7 տոկոսով: Զգալի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում՝ կազմելով 18.9 տոկոս: Փոքր-ինչ նվազում է նկատվում գյուղատնտեսության ոլորտում. մասնավորապես, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2017 թվականի հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 1 տոկոսով:


Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 տոկոսով, սպառողական գների ինդեքսի ցուցանիշն աճել է 2.5 տոկոսով:


2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 168 հազար 467 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7 տոկոսով: Պետական հիմնարկներում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.8 տոկոսով, ոչ պետականինը՝ 3.7 տոկոսով:


Արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճն ընթացիկ տարվա առաջին 8 ամսում կազմել է 26.4 տոկոս. մասնավորապես, արտահանումը՝ 16.5 տոկոս, ներմուծումը՝ 32 տոկոս:


Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-օգոստոսին կազմել է 482.01: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36244