Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն ընդունել է հոկտեմբերի 22-ից 24-ը Երեւանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պաշտոնական օպերատոր, ՌԴ «Ռոսկոնգրես» կազմակերպության ներկայացուցիչներին։


Հանդիպմանը մասնակցել են նաեւ նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության եւ «Բիզնես Արմենիայի» պատասխանատու աշխատակիցները։ Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին, Հակոբ Ավագյանը նշել է, որ նախարարությունը, որպես միջոցառման պատասխանատու, չափազանց շահագրգռված է համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու։


Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են համաժողովի անցկացման կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր՝ ծրագրում նոր թեմաների ավելացման առաջարկություններից մինչեւ միջոցառման վայրում համապատասխան պայմանների ստեղծումը, մասնակիցների տեղավորման ապահովումը եւ այլն։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ եղել են առաջարկություններ, տրվել են կոնկրետ հանձնարարականներ ինչպես նախարարության համապատասխան ստորաբաժանման, այնպես էլ «Բիզնես Արմենիայի» պատասխանատուներին։


«Ռոսկոնգրեսի» ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լինել մշտական կապի մեջ, պարբերաբար տեղեկատվություն փոխանակել ընթացիկ աշխատանքի եւ առաջացող խնդիրների վերաբերյալ՝ վերջիններիս մասով օպերատիվ լուծումներ գտնելու համար։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36199