Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում չենք իրականացնում. ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է, որ չի իրականացրել եւ չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, «ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի»:


Ընկերությունում նշել են, որ գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, եւ որ իրենք տեղին չեն համարում մեկնաբանել գործին առնչվող տեղեկությունները:


«Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից եւ առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների եւ անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը եւ ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»,- հորդորել են ընկերությունում:


Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ ձայնագրություն: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35842