Հայ-իրանական երկաթուղու միֆը․ Հայաստանի դեմ 160 մլն դոլարանոց հայց է ներկայացվել

Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը Իրան-Հայաստան երկաթգծի նախագծում ներդրում կատարած ընկերությունը անգործության էր մատնված, իսկ այժմ ինքն է դատի տվել Հայաստանի իշխանություններին եւ պահանջում է 160 մլն դոլար։


Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ հավելելով, որ Միջազգային արբիտրաժային դատարաններից մեկին ներկայացված հայցադիմումի պատճենն արդեն փոխանցվել է ՀՀ կառավարությանը։


Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը (մասնավոր ընկերություն) 2013 թվականին Հայաստանի կառավարության հետ հուշագիր էր ստորագրել, սակայն դրանից հետո ներդրումների ներգրավման ուղղությամբ որևէ քայլ չէր արել։ Այժմ այդ ընկերությունն ուզում է խզել պայմանագիրը, բայց միևնույն ժամանակ վնասի փոխհատուցում է պահանջում։


«Թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը, չենք հասկանում։ Քանի որ հուշագիրը ֆինանսական պարտավորություն չէր նախատեսում։ Իսկ եթե մինչև վերջ օբյեկտիվ լինենք, անձամբ նրանք ոչ մի աշխատանք չեն կատարել։ Այնպես որ ինչ են նրանք պահանջում, հասկանալ չենք կարող», - ասաց նախարարը։


«Ռասիա ՖԶԷ»-ի և Ջոզեֆ Բարկովսկիի հայցը գրանցվել է օգոստոսի 3-ին: Հայցվորների ներկայացուցիչը Լոնդոնում տեղակայված Shearman & Sterling փաստաբանական ընկերությունն է, իսկ Հայաստանը դեռ պետք է փաստաբաններ վարձի միջազգային դատարանում իր շահերը ներկայացնելու համար։


Հայցադիմումը վերաբերում է «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրին։ Ըստ դեռևս 2014-ին մշակված այս ծրագրի՝ Հայաստանի հարավային՝ 304.7 կիլոմետր երկարությամբ երկաթուղին պետք է ձգվեր Գագարինից մինչև Սյունիքի մարզի Ագարակ գյուղը (Իրանի հետ սահման)՝ անցնելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով: Երկաթգծի մոտ 1/3-ը՝ 102.4 կիլոմետրը, պետք է լիներ թունելներ՝ թվով 60: Երկաթգիծը պետք է ունենար 27 կայարան, 84 կամուրջ՝ 19.6 կմ ընդհանուր երկարությամբ։ Նախագծի ընդհանուր նախնական արժեքը 3.5 միլիարդ ԱՄՆ դոլար էր, իսկ շինարարական աշխատանքները պետք է տևեին 6 տարի: Աշխատանքները պետք է մեկնարկեին 2016 թվականին, այն շահագործման պետք է հանձնվեր 2022 թվականին: Յուրաքանչյուր 1 կիլոմետրի շինարարության համար պահանջվում էր 10.5 միլիոն դոլար: Այս բարձր արժեքը դեռևս 2014-ին Բարկովսկին պատճառաբանել էր բարդ աշխարհագրական տեղանքով և բավական երկար թունելային հատվածների առկայությամբ:


Այն ժամանակ` 2013 թվականին, նախագծի արժեքը 3,2 միլիոն դոլար էր գնահատվում։ Ճանապարհը պետք է անցնի իրանական սահմանից դեպի Սևան լիճ, իսկ հետո միանա գործող ճանապարհներին։


2017-ին ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ռասիա ՖԶԷ»-ի հետ կնքված պայմանագիրը չեղյալ էր ճանաչվել։


Ըստ հայցի՝ Ռուսաստանն օգնել է Հայաստանին նախագծերի իրագործման համար ֆինանսական միջոցներ ձեռք բերել Աբու Դաբիում տեղակայված սուվերեն հիմնադրամից: Բայց 2014-ին, երբ Ռուսաստանը պատրաստվում էր նախագծերում իր չափաբաժինը վաճառել սուվերեն հիմնադրամին, Հայաստանը սկսել է միակողմանի կոնցենսիաներ իրականացնել՝ խախտելով համաձայնագրերը: Ըստ ռուսական կողմի՝ Հայաստանն այժմ աշխատում է Թեհրանի և տարբեր ընկերությունների, այդ թվում՝ չինական CCECC ընկերության հետ նախագծերը կյանքի կոչելու համար: Նշված է նաև, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքներն այժմ էլ ընթանում են, բայց Հայաստանը ֆինանսավորման խնդիրներ ունի: Անգամ մեջբերված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը և ավարտը կառավարության կարճաժամկետ, առաջնային ծրագրերի շրջանակում չեն։


Նշենք, որ Ռասիա ՖԶԷ»-ի հետ Հայաստանի այն ժամանակվա կառավարության կնքած պայմանագիրը բոլորն էին համարում աբսուրդի ժանրից, սովորական ավանտյուրա։ Դրա մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան։ Շատ է գրվել, որ երկաթուղու կառուցման ծրագիրն ու բյուջեն իրատեսական չէ։


Բացի դա «Ռասիա ՖԶԷ»-ն այն ընկերությունը չէր, որի հետ ՀՀ կառավարությունը պետք է պայմանագիր կնքեր նման մասշտաբի ծրագրի համար։ «Ռասիա ՖԶԷ»-ը օֆշորային մի ընկերություն է, որը գրանցված է Դուբայում: Հայաստանում անգամ գրասենյակ չունի և չի ունեցել։ «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերության մասին համացանցում միայն մի տեղեկատվություն կա՝ այն, որ այդ ընկերությունը պայմանագիր ունի ՀՀ կառավարության հետ Իրան-Հայաստան երկաթուղին կառուցելու վերաբերյալ:


Այս փաստերը քաջ հայտնի էին նաև այդ ժամանակվա կառավարությանը, սակայն «Ռասիա ՖԶԷ»-ի հետ այդ պայմանագիրը կնքվեց, որպեսզի կառավարությունը տպավորություն ստեղծեր, թե գործնական քայլեր է անում Սերժ Սարգսյանի հայտարարությունը իրականություն դարձնելու ուղղությամբ: Իսկ Սերժ Սարգսյանը 2008 թվականին հայտարարել էր թե առաջիկա տարիներին կսկսվի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35460