Կես տարում գրանցվել է 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճը․ Արծվիկ Մինասյան

Հայաստանում այս տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել: Սեպտեմբերի 3-ին լրագրողներ հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:


«Այն կազմել է 8.3 տոկոս: 2018 թ. առաջին 6 ամսվա մասով այս ցուցանիշը, երբ ճյուղային վերլուծության ենք ենթարկում, պարզ է դառնում, որ աճին ամենաշատը նպաստող հիմնական բլոկն առևտրի և ծառայությունների ոլորտն է՝ շուրջ 5.3 տոկոս: Շինարարությունն աճել է 8.9 տոկոսով, բայց նպաստման չափը 0.5 տոկոսային կետ է, որովհետև նրա տեսակարար կշիռն է տնտեսական աճի մեջ նախորդ ժամանակահատվածում փոքր եղել: Արդյունաբերությունը նպաստել է 1.4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը՝ 0.5 տոկոսային կետով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մինասյանը:


Նախարարը հայտնեց, որ ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիս ամիսներին եղել է 9.3 տասներորդական տոկոս: «Ընդ որում, արդյունաբերությունն աճել է 4.3 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4.6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10.4 տոկոսով, առևտրի շրջանառության ծավալը՝ 8.9 տոկոսով և ծառայությունների ծավալը, որն ամենամեծն է եղել՝ 18.7 տոկոսով»,- մանրամասնեց նախարարը:


Ասուլիսի ժամանակ նախարարը խոսեց նաեւ ՀՀ տնտեսությունում կատարվող եւ ակնկալվող ներդրումների մասին։ Նա նախ շեշտեց, որ նախորդ ամիսների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ են այցելել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, հետաքրքրվել են Հայաստանի ներդրումային միջավայրով և որոշակի ներդրումների մասին հայտարարություններ են արել:


«Եթե մենք վերլուծենք այդ թվերը, որոնց մասին հայտարարվել է, դրանք մեկ միլիարդ դոլարն անցնում են: Բայց մենք փորձում ենք նաև գնահատել, թե բիզնես հանրության հետ մեր ջանքերի արդյունքում իրատեսական թիվը որքան կկազմի: Եկել ենք եզրակացության, որ դրանից 240 միլիոն դոլարն առնվազն իրատեսական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդ առաջարկներն ստացվել են մայիսի 15-ից սկսած:


Նախարարը հավելեց, որ աշխատում են կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք կարողանան այդ գաղափարները վերածել բիզնես-պլանների կամ նախարարության միջոցով փորձել դրանք վերածել բիզնես-նախագծերի, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լինի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35427