Նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության շահերով

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանում է մի շարք լրատվամիջոցների հարցադրումներին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականին: Այս մասին գրում է «Ազատությունը»:


«Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելով իշխանության բոլոր ճյուղերի՝ Սահմանադրության և դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններում գործելու, միմյանց նկատմամբ հարգանք դրսևորելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով: Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար:


Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ:


Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա մշակույթ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/35094