Մոսկվան և Բաքուն խորացնում են տնտեսական հարաբերությունները. դեսպան

Ռուսաստանը երբեք այլ երկրներին չի դնում համագործակցության ուղղությունների ընտրության առաջ: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:


«Մենք երբեք և որևէ մեկին ընտրության առաջ չենք դնում՝ մենք կամ Արևմուտքը: Գուցե դա անում են մեր արևմտյան գործընկերները»,- նշել է նա:


Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին նա նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը անկախ պետություններ են, որոնք ինքնուրույն են որոշում միջազգային հարթակում իրենց ընկերների շրջանակը: «ՌԴ-ն անում է ամենը Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդման համար»,-ասել է ռուս դեսպանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Ռուսաստանի ընկերն է: 


Բոչարնիկովի խոսքով, Մոսկվան և Բաքուն նախապատրաստում են տնտեսական համագործակցության ընդլայման փաթեթ, որը խթանելու է առևտրաշրջանառությունը. «Մենք տնտեսական հարաբերությունների խորացման հույս ունենք»: Բացի այս, երկու երկրները ծրագրում են համատեղ ձեռնարկությունների ստեղծում:


«Այդ բոլոր փաստաթղթերը հնարավոր է ստորագրվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվա կատարվելիք պաշտոնական այցի շրջանակում, բայց ժամկետը չեմ նշի՝ դա պետք է անեն երկու պետությունների նախագահների աշխատակազմերը»,- հավելել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34842