Հայ-վրացական հարաբերությունները պետք է զերծ պահել Արևմուտք-ՌԴ «սառը պատերազմից»

Վրաստանում օրերս կայացած ՆԱՏՕ-ական զորավարժություններին ՌԴ-ն բավականին կոշտ արձագանքեց` ընդգծելով այն կարմիր գիծը, որը Մոսկվան թույլ չի տալու անցնել:


Վրաստանի ՆԱՏՕ-ական ձգտումները նոր բաժանարար գծեր են առաջացնում տարածաշրջանում՝ հաշվի առնելով ռազմա-քաղաքական այն իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Հարավային Կովկասում:


ՌԴ-ն ռազմաբազաներ ունի Աբխազիայում ու Հարավային Օսիայում, նոր պայմանագրերով այդ տարածքների վրա հարձակումը համարվելու է հարձակում ՌԴ-ի վրա` հնարավոր բոլոր հետևանքներով: Մոսկվան այդ կերպ փակել է աբխազական և հարավօսական հարցը ռազմական ճանապարհով լուծելու Թբիլիսիի հնարավոր գայթակղության ճանապարհը:


Վրաստանն, իր հերթին, իր ապագան տեսնում է եվրաատլանտյան կառույցներում` ԵՄ, ՆԱՏՕ, ինչպես նաև դաշնակցային հարաբերություններ է կառուցում ԱՄՆ-ի հետ:


Հաշվի առնելով Արևմուտք-ՌԴ նոր սառը պատերազմ,ը վրացական տարածքը ապագայում կարող է դառնալ proxy war-ի տարածք` ՌԴ-ն պաշտպանելու է իր դաշնակից Աբխազիային ու Հարավային Օսիային, իսկ Վրաստանը փորձելու է հենվել ամերիկյան, ՆԱՏՕական աջակցության վրա: Սակայն 2008թ.-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն պատրաստվում ռազմական բախման մեջ մտնել ՌԴ-ի հետ հանուն Վրաստանի անվտանգության ու պաշտպանել այդ պետությունը` աշխարհը կանգնեցնելով երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:


Վրաստանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում ու այս ստատուս-քվոյի պայմաններում Երևանը պետք է դիվանագիտական մեծ ճկունություն ցուցաբերի, որպեսզի չվատթարացնի հայ-վրացական հարաբերությունները:


Վրաստանն առանց այն էլ ռազմավարական հարաբերություններ է կառուցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ` ունի մեծ էներգետիկ, տնտեսական կախվածություն Բաքվից ու այս պարագայում Երևանը պետք է առավել ակտիվ լինի վրացական ուղղությամբ՝ կարևոր գործոնի վերածելով տեղի հայ համայնքը, վրացական կողմի հետ իրականացնելով համատեղ մեծ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային նախագծեր, որպեսզի հայ-վրացական տնտեսական հարաբերությունների մակարդակը հասցվի քաղաքական բարձր մակարդակով հարաբերություններին:


Շատ կարևոր է, որպեսզի Վրաստանը ՀՀ-ին չդիտարկի որպես սպառնալիք հարավից` հաշվի առնելով ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ռուսական ռազմաբազայի առկայությունը Գյումրիում և այլն:


Վրաստանի իշխանությունների հետ պետք է անընդհատ աշխատել` զարգացնելով բազմաշերտ հարաբերություններ, ինչն էլ հայ-վրացական հարաբերությունները զերծ կպահի գերտերությունների հնարավոր բախումներից ու հայ-վրացական սահմանը չի վերածի բաժանարար գծերի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34494