Թուրքիայից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ Անկարայի դեմ պատժամիջոցները քննարկելու համար

Երկու օրվա ընթացքում թուրքական պատվիրակությունը կուղեւորվի Վաշինգթոն պատժամիջոցների շուրջ բանակցելու համար, որոնք սահմանվել են Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների դեմ, հայտնում է Daily Sabah պարբերականը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին:

Աղբյուրների տեղեկություններով՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ն համաձայնություն են ձեռք բերել անձնական հանդիպում կազմակերպելու հարցում:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այս շաբաթ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության եւ ՆԳ նախարարների դեմ՝ կապված Թուրքիայի իշխանությունների կողմից կալանավորված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի հետ: Թուրքիայի իշխանությունները պաստորին կալանավորել են 2016 թվականի հոկտեմբերից՝ գյուլենականների FETÖ կազմակերպությանը գործակցելու մեղադրանքով, որը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել, ինչպես նաեւ երկրում արգելված Քուրդիստանի Աշխատանքային կուսակցությանն աջակցելու համար:

ԱՄՆ ֆիննախի պարզաբանմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահմիտ Գյուլը եւ ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն մեղավոր են «մարդու իրավունքների լուրջ խախտումների» համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34418