Վաչագան Ղազարյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին, 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ Վ. Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է։


ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ռ. Բեգլարյանը 2018թ. մայիսի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում, ինչպես և 2014, 2015, 2016 թվականներին, անփոփոխ հայտարարագրել է 25.000.000 ՀՀ դրամ, 29.000 ԱՄՆ դոլար և 17.400 եվրո դրամական միջոցներ:


Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանն իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 350.817.000 ՀՀ դրամի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, հետևաբար՝ վերջինս ապօրինի հարստացել է:


Ռ. Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:


Նշենք, որ Վաչագան Ղազարյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավարն էր։ Նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման համար։ Շուրջ մեկ ամիս Ղազարյանը մնաց կալանքի տակ, սակայն նրանք կարողացան մուծել Վերաքննիչ դատարանի սահմանած գրավի չափը՝ 1 մլրդ դրամ, և այժմ Ղազարյանն ազատության մեջ է։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/34400