Աջակցության մասին հստակ գաղափարներ ասեք. ԵՄ դեսպանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

Եվրամիությունը ողջունում է ՀՀ-ի նոր կառավարության բարեփոխումները, որի մասին հստակ ուղերձներ հղվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի ժամանակ, սակայն հայկական կողմից հստակ «գաղափարներ ենք ուզում լսել Եվրամիության աջակցության տարբերակների ու ձեւերի մասին»: Այս մասին հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:


Դեսպանի խոսքով, Բրյուսելում արված հայտարարությունները «հստակ, ուժեղ եւ բարեկամական ուղերձներ էին, որոնք ուղղվել էին Հայաստանի վարչապետին ամբողջ հանդիպումների ընթացքում»։ Նրա խոսքով, վարչապետն ուներ հնարավորություն իր ուղերձները հղելու ԵՄ առաջնորդներին։ «Մենք Հայաստանում կշարունակենք գործել կառուցողական տրամադրվածությամբ, օգնության մասին հայտարարությունը՝ կոնկրետ գործողությունների փոխակերպելու համար»,- նշել է դեսպանը։


Ավելի վաղ, ամփոփելով բրյուսելյան այցի արդյունքները վարչապետ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել առ այն, որ Եվրամիության առաջնորդներից լսել է միայն կոմպլիմենտներ, բայց ոչ Երեւանի նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխության մասին ուղերձներ: «Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ։ Կարծում ենք, որ պետք է կա’մ հայտարարությունների ոգեւորված տոնայնությունն իջեցնեն, կա’մ քաղաքականությունը էականորեն փոխեն։ Մենք մեր անելիքները գիտենք, եւ մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները»,- հայտարարել էր Փաշինյանը:


Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը՝ Սվիտալսկին շեշտեց, որ իրենք բաց են լսել հայկական կառավարության ակնկալիքները եւ հավելեց, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում պարզ հարց է տալիս՝ ի՞նչ եք սպասում մեզանից: «Մենք ցանկանում ենք հայկական մեր գործընկերներից հստակ գաղափարներ լսել՝ ինչ ձեւով, ինչպես ԵՄ-ն կարող է օգնել։ Որոշ նախարարություններից մենք նախնական գաղափարներ ստացել ենք, մենք կցանկանանք համապարփակ պատկեր ունենալ, երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք ինչպես կարող ենք օգնել»,- ասաց նա։


Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցից հետո նաեւ հայտարարել էր, որ Եվրամիության կողմից տրամադրվելիք €160 մլն-ն «այսպես, թե այնպես նախատեսված էր» տրամադրել երկրին։ Նա հայտարարել էր, որ տարակուսանք է հայտնել հարաբերություններում փոփոխության բացակայության վերաբերյալ:


Սվիտալսկին մեկնաբանեց նաեւ այս հայտարարությունը: Նրա խոսքով, Եվրամիության կողմից ՀՀ-ին տրվող աջակցությունը մինչեւ 2020 թվականը կազմելու է €100 մլն-ից €160 մլն, ինչն «արդեն իսկ 25%-անոց ավելացում է»: «Այս գումարն արդեն իսկ ներառում է 25% ավելացում: Բայց սա դեռեւս այն ամենը չէ, ինչ Հայաստանը կարող է ստանալ ու իրացնել, կան նաեւ այլ ուղիներ, որոնք մենք օգտագործում ենք»,- ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը փորձելու է այս գումարները հատկացնել արժեքավոր ծրագրերի:


Նա հստակեցրել է, որ ակնկալվող աջակցության բնույթը հիմնականում ինստիտուցիոնալ է, տեխնիկական եւ ֆինանսական: «Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությանը ժամանակ է պետք է, շատ նախարարներ նոր են կառավարությունում, պետք է գնահատել, հասկանալ, որն է լավագույնը Հայաստանի համար»,- նկատել է դիվանագետը։


Սվիտալսկին հայտնել է, որ շաբաթվա վերջին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան: Նա հանդիպումներ կունենա նախարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլ դոնորների հետ եւ կքննարկի աջակցությանը վերաբերող բոլոր հարցերը:


«Մենք կառուցողական ենք տրամադրված եւ Մատերնովայի աշխատանքային այցը Հայաստան եւս այդ նպատակն է հետապնդում»,- եզրափակել է դիվանագետը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/33677